11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Ընտրական համակարգը սպանված է. Հայաստանը հեղափոխության շեմին է՛՛ /վիդեո/

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, ով գալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ բացի 8 մլն դրամ ընտրագրավ վճարելու մասին անդորրագրից և, հետևաբար, ԿԸՀ–ի կողմից չի գրանցվել որպես թեկնածու, հանդես է եկել հայտարարությամբ, որում ընտրագրավի չափը համարում է ՛՛ունեցվածքային ցենզի կանխադրույթ՛՛ և համարում, որ ընտրություններն ավարտվել են դեռ չմեկնարկած։

  Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

 Սիրելի հայրենակիցներ,

 Ընտրություններն ավարտվեցին հազիվ մեկնարկած, ավարտվեցին` կրկին ի ցույց դնելով հայաստանյան ընտրական համակարգի անպատվությունն ու բռնադատվածությունը և ներկա քաղաքական համակարգի հակամարդկային բնույթը` Ընտրական օրենսգրքով սահմանելով 8 միլիոն դրամի հասնող ընտրագրավ` 228 անգամ բարձր նվազագույն և 67 անգամ՝ միջին աշխատավարձի չափից:

 Ընտրագրավի անվամբ քողարկված ունեցվածքային ցենզի կանխադրույթը կիրառվեց որպես լծակ՝ ի ցույց դնելով իշխանությունների անթաքույց ցինիզմը ՀՀ այն հազարավոր քաղաքացիների հանդեպ, ովքեր ապավինում են իրենց ազնիվ աշխատանքին և աշխատավարձին: Ունեցվածքային ցենզ սահմանելով քաղաքական գործունեության իրականացման համար՝ այս իշխանությունը Հայաստանում դասակարգային խտրականություն է սահմանում:

 Աշխարհը վաղուց է հրաժարվել սոցիալական այսօրինակ խտրականությունից, որը սահմանափակում է քաղաքականությամբ զբաղվելու բոլոր քաղաքացիների իրավունքը՝ բռնազավթելով ոչ միայն իշխանությունը, այլև այդ իշխանությունը փոխելու` քաղաքացիների համամարդկային իրավունքները:

 Գործող քաղաքական վերնախավը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փշալարեր է անցկացրել գրեթե ամենուր, որպեսզի անհամաձայնության, դիմադրության, ընդվզման, արդարացի ձգտումների և նպատակների ճանապարհները դարձնի անանցանելի: Փշալարերը դրված են ոչ միայն քաղաքականության, այլև ազատական տնտեսության ճանապարհին:

 Գործարարները չանսացին փոփոխությունների իմ առաջարկած ուղեգծին: ՛՛Մենք չենք ուզում խառնվել ընտրություններին՛՛ ասելով` նրանց մեծ մասը խառնվելու է առաջիկայում ընտրակաշառքի բաժանման գործընթացին, մոռանալով նաև, որ սոցիալական բևեռացման խորացմամբ նրանք՝ իշխանությունը և գործարար աշխարհը միասին, Հայաստանը կանգնեցրել են փաստացի դասակարգային առճակատման դեմ հանդիման: Ես ցավակցում եմ հայաստանցի գործարարներին, ովքեր չգիտակցեցին, որ փողով չեն կարող գնել կարևորները` ազատություն և արժանապատվություն, համարձակություն և խիզախություն, և սերը հայրենիքի հանդեպ: Նրանց հոգում տեղ չկա Հայաստանի հանդեպ սիրո, հոգատարության և քնքշանքի համար: Հայաստանի գործարար աշխարհին ես հղում եմ իմ խորին ցավակցությունները:

 ՀՀ հպարտ քաղաքացիներ,

 Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ես փորձեցի ձեր մեջ հույս արթնացնել փոփոխությունների հանդեպ և իմ առաջադրմամբ ձեզ հնարավորություն ընձեռել աջակցել փոփոխություններին: Թևաթափ, հուսախաբ հասարակության մեջ աստիճանաբար ծայր առավ ներքին պայքարը և ներքին լարումն առկայծեց փոփոխությունների հույսից:

 Ես շնորհակալ եմ ՀՀ այն արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր ընկալեցին պահի լրջությունը, քաջալերեցին ինձ, արձագանքեցին հույսին և փոփոխությունների իմ ուղեգծին: Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում իմ թիմակիցների հետ մենք արեցինք հնարավորն ու անհնարը փոփոխությունների դուռը բացելու և այն բաց պահելու համար:

 Համոզված եղեք, այդ դուռը շարունակում է բաց մնալ, և ոչ ոք չի կարող այն փակել, եթե միայն դուք թույլ չտաք:

Ցանեք, տարածեք փոփոխությունների սերմերը բոլորի հոգիներում:

 ՀՀ արժանապատիվ և ազատատենչ քաղաքացիներին ես հղում եմ իմ ուղերձը` բաց պահեք փոփոխությունների դուռը և արթուն պահեք հույսը, որը կհասցնի հաղթանակի:

 Հասարակական-քաղաքական կյանքի վերընձյուղմանը նպաստեցին բազմակարծությունը և լրատվության անկողմնակալությունը, որոնք ապահովեցին և ապահովում եմ իմ գործընկերները` այն լրագրողները, ԶԼՄ-ների ղեկավարները, ովքեր ապացուցեցին, որ հասարակական բարձր արժեքներն են լրագրության արժեքներն ու սկզբունքները: Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար: Իմ գործընկերներին ես հղում եմ այս կոչը` պահպանել այդ արժեքները, չկորցնել ներքին ազատությունը և այն փոխանցել հասարակությանը:

 Ընտրապայքարն ինձ համար սկսվեց ուսանողների հետ հանդիպումներով: Նրանց ելույթներում և նրանց լռության մեջ տեսա հույսը և հուսահատությունը: Խորապես գիտակցելով հայոց պետականության՝ մեր հայրենիքի գլխին կախված վտանգը և Սերժ Սարգսյանի կառավարման համակարգի արատները՝ կոռուպցիան, կաշառակերությունը, անպատժելիությունը, անօրինականությունը, անարդարությունը` որպես հետևանք՝ աննախադեպ արտագաղթը, ես առաջադրվեցի ՀՀ նախագահի ընտրություններում: Իրենց ապագան այդ ուսանողներից շատերը չեն կապում Հայաստանի հետ: Ես հղում եմ նրանց` ուսանողներին իմ կոչը` թույլ չտալ կողոպտեն իրենց և իրենց հայրենիքի ապագան:

 Սիրելի հայրենակիցներ,

 Իմ զրույցները, ելույթներն ու հանդիպումները ոչ այս ընտրապայքարով են սկսվել, ոչ էլ ավարտվելու են դրանով: Ես խոսելու եմ ձեզ հետ youtube-ով, իմ հոդվածներով, տալու եմ քաղաքական գնահատականներ:

 Առաջիկայում վարչակարգը շարունակելու է ի ցույց դնել իր արատավոր դեմքը. համոզված եմ՝ արժանապատիվ և չհարմարվող քաղաքացիները երես են թեքելու նրանից՝ անհամաձայնությամբ և ընդվզմամբ:

 Ազատության և փոփոխությունների համար մղվող պայքարը շարունակվում է, պայքարի միջոցները սպառված չեն բնավ: Ոչ ոք չի կարող մեզնից խլել ի վերուստ տրված մեր իրավունքները:

 ՀՀ ազատ և հպարտ քաղաքացիներին ես հղում եմ իմ ուղերձը`

 ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՊԱՆՎԱԾ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆՆ Է՛՛:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ