Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ է տվել
Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2015 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված ռազմավարական բնույթի միջոցառումների, դրանց արդյունքների և առաջիկա անելիքների քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է տարեսկզբից մինչ օրս ազգային բանակում միասնական և հետևողական աշխատանքի արդյունքում արձանագրված ձեռքբերումների ու դրական առաջընթացի մասին: Որպես նախորդ ամիսների շարունակություն՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ հաշվետու ժամանահատվածում ևս պատշաճ կերպով կատարվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված ծրագրերը, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման և արդիականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների պլանավորմանը և անցկացմանը: Դրանցից առավել ուշագրավ են բարձր մակարդակով անցկացված հրամանատարաշտաբային և մարտական հրաձգությամբ զորավարժությունները, հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքները ևս մեկ անգամ հավաստել են, որ հայկական զինված ուժերը ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված մարտական խնդիրները:
Ընդգծելով նաև, որ անցնող մեկ ամսվա ընթացքում շփման գծում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է՝ պաշտպանության նախարարը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար: Այս առնչությամբ պաշտպանության նախարարի կողմից առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են մի շարք ցուցումներ: