Տեր-Պետրոսյանի հերթական ծառայությունը Մոսկվային. «168 ժամ»
«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատականների արժանացավ մամուլում ու փորձագիտական հանրության շրջանում: Ոմանք այն համարում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ գործակցությանն ուղղված երկրորդ առաջարկն այս տարվա ընթացքում, ոմանք կարծում են, որ հոդվածի՝ արտաքին քաղաքական հատվածում Տեր-Պետրոսյանը որոշակի շրջադարձ է կատարել այն իմաստով, որ Ռուսաստանին հաճոյանալու փոխարեն՝ ինչպես պատահում է գրեթե միշտ, այս անգամ նույնիսկ որոշակիորեն քննադատել է Ռուսաստանին:
Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել Տեր-Պետրոսյանի հոդվածի հետևյալ հատվածը. «Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թևակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարևելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը և սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։
Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու և Երևան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն»: Ասվածի հիմնական միտքն այն է, որ Ռուսաստանը կարող է իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ շահագրգիռ դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Թե ի՞նչ տարբերակով, Մադրիդյան սկզբունքներո՞վ, թե՞ այլ, քննարկման այլ նյութ է:
Արձանագրենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեթե պնդում է. «Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը…»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: