68 չեմ, 45-ս այս տարի կբոլորի
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղյակ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ դեռ անցած տարեվերջին կայացած հանդիպման մանրամասներին, որից կարճ ժամանակ անց ԲՀԿ նախագահը հայտարարեց նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին:
Արթուր Բաղդասարյանը, սակայն, հանդիպման վերաբերյալ տեղեկություններ հրապարակելը տեղին չի համարում: Այսօր հրավիրված ասուլիսին Սարգսյան-Ծառուկյան հանդիպմանն առնչվող հարցին ի պատասխան, այս մասին ասել է Արթուր Բաղդասարյանը:”Դրանք սովորական աշխատանքային հանդիպումներ են եղել, որոնց մասին տրվել է տեղեկատվություն: ԲՀԿ ղեկավարը ընդունել է այդ որոշումը, եւ մենք դա ընդունում ենք ըմբռնումով”,-նշեց նա:
Հարցին, արդյոք իր համար անակնկալ էր Գագիկ Ծառուկյանի որոշումը, Արթուր Բաղդասարյանը պատասախնեց.” Անակնկալ չէր կարող լինել ոչ միայն ինձ համար, այլեւ բոլորի: Հնարավոր երկու որոշում կար` մասնակցել կամ չմասնակցել: Քանի որ հնարավոր սցենարներից ընտրվեց մեկը, ինձ համար անակնկալ չէր”,-նշեց նա:
Արթուր Բաղդասարյանը հաճելի անակնկալ համարեց ”Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” ՀՀ նախագահի մեդալին արժանանալը:
Լրագրողները ՕԵԿ ղեկավարին խնդրեցին մեկնաբանել այն պիտակավորումները, որ հաճախ քաղաքական դաշտի խաղացողներն օգտագործում են միմյանց բնորոշելով, օրինակ`”ՕԵԿ-անալ” կամ ”Արթուր Բաղդասարյան դառնալ”:
”Էսօր Արթուր Բաղդասարյան դառնալը բավականին դժվար է։ Դրա համար պետք է բավական ճանապարհ անցնել: Նույնը վերաբերվում է նաեւ ՕԵԿ-ին, որը տասնհինգ տարի քաղաքական համակարգում գործելով, ապացուցեց իր կենսունակությունը: Վերլուծեք, թե ովքեր մնացին քաղաքական դաշտում, ինչ կշռով եւ ինչ ազդեցությամբ”,-նկատեց Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, ՕԵԿ-ն իր ընտրողների հետ մշտապես ազնիվ է եղել: ՕԵԿ նախագահը շեշտեց.”2008-ին ստորագրել ենք փաստաթուղթ, ասել ենք, որ կաջակցենք Սերժ Սարգսյանին, այս երկու շրջափուլում, մեր խոսքի տերն ենք, աջակցել ենք: Այս հինգ տարվա մեջ որեւէ շեղում մեր ասած խոսքից չեք տեսել”:
Վերհիշելով անցյալը, նա շարունակեց.”Այս հինգ տարի ինչքան լուտանք թափվեց, բայց ՕԵԿ-ը մասնակցեց ընտրություններին և ապացուցեց իր կենսունակությունը: Եղել է տարաձայնություն երկրորդ նախագահի հետ, ես ինտրիգներ չեմ սարքել, արժանապատվորեն հրաժարական եմ տվել, անցել է մեկ տարի, տեղի են ունեցել ընտրություններ, քսան տոկոս ենք հավաքել, համարյա այնքան , որքան Լեւոն Տեր-Պետրոսյանը իր քսան-երեսուն կուսակցությունների հետ միասին: Արդյունքում հնչել է առաջարկ Սերժ Սարգսյանի կողմից` կազմել կոալիցիա, մենք այն ընդունել ենք”:
Արթուր Բաղդասարյանն ասաց, որ անկախ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնություններից, գնահատում է նրա հետ իր անցած ճանապարհը եւ միեւնույն ժամանակ նշեց, որ գործող իշխանության եւ Սերժ Սարգսյանի քաղաքական եւ մարդկային կարեւորագույն դրական հատկանիշն այն է, որ հիշաչարությունը որպես քաղաքական կատեգորիա չի կիրառվում:
Լրագրողների հնչեցրած մյուս քաղաքական հարցերը եւս ՕԵԿ-ի եւ Արթուր Բաղդասարյանի ոչ այնքան հեռավոր անցյալին էին առնչվում, օրինակ, թե ինչու ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններում ընդամենը վեց մանդատ ստացավ: Արթուր Բաղդասարյանն արձագանքեց` ”ռետրո հարցեր են, անցնենք առաջ”:
Արթուր Բաղդասարյանն ասաց, թե ՕԵԿ համախոհների թիվը հաստատուն է եւ ավելին, վերջին շրջանում դեպի ՕԵԿ ներհոսք է սկսվել: Բաղդասարկյանը հայտարարեց նաեւ, որ 2018 -ի համար առաջադրվելու որոշում եւ մտադրություն չունի: Ինչ վերաբերվում է իր քաղաքական կարիերային, նա նշեց, թե այս տարի կբոլորի 45-ը եւ կատակեց` վաթսունութ չեմ:
ՕԵԿ նախագահը նշեց, թե ՀՀ վերջին տասը տարիների ընթացքում միշտ էլ եղել է քաղաքական պատասխանատու դիրքերում եւ ծառայել հայրենիքին, իսկ այսօր էլ ըստ օրենքի, զբաղեցնում է ՀՀ չորրորդ քաղաքական պաշտոնը: