Ո՞րն է Թուրքիայի արևելյան սահմանը
Ահմեդ Դավիթօղլուն Су-24-ի կործանումը համարել է իրավաչափ:
Մասնավորապես «Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով SkyNews-ին, Ա. Դավիթօղլուի խոսքերով` Թուրքիան պարտավոր է եղել արձագանքել իր օդային տարածքի խախտմանը»:
Դավութօղլուն խեղաթյուրում է փաստերը, որովհետեւ այդ իրավունքը նրան տվել են միջազգային հանրության հիմնական դերակատարներից շատերը: Ահավասիկ նրան անմիջապես ձայնակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարը. «Russia Today-ը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հայտարարության համաձայն` կառույցը գտնում է, որ ռուսաստանյան օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը»: :
Սակայն պարոնայք, ո՞րն է Թուրքիայի Հանրապետության օդային տարածքը եւ դա արդյո՞ք իրավաչափ է ցամաքային տարածքին, սահմանին:
Փաստերն այլ բան են ասում: Հիշեցնենք դրանցից մի քանիսը.
– 1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքված Մուդրոսի զինադադարի 16-րդ հոդվածի համաձայն` Թուրքիան պարտավորվում էր իրականացնել. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը…, Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»:
-1920 թ. Նոյեմբերի 22-ից հետո, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի համաձայն` թուրքական զինված ուժերը պարտավոր էին դուրս գալ Արեւմտյան Հայաստանի չորս վիլայեթներից:
Այսու, հաշվի առնելով նաեւ 1920 թ. օգոսոտսի 4-ի Կիլիկիայի անկախության հռչակման փաստը, ապա ստացվում է ամբողջովին հակաիրավական եւ անօրինական մի գործընթաց, երբ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը
ա) արդեն շուրջ 95 տարի է, ինչ բռնազավթված են պահում Արեւմտյան Հայաստանը եւ Կիլիկյան Հայաստանը,
բ) երբ այդ նույն բռնազավթված տարածքներից նորանոր ագրեսիաների սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի ժողովուրդների եւ երկրների համար:
Ճիշտ այնպես, ինչպես դա պատահեց Քեսապի բռնազավթման դեպքում, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող ռազմական օդանավի հետ:
Հետեւաբար, միջազգային հարաբերությունների դաշտում խաղացողներին արժե՞ հիշեցնել, որ նրանց իսկ լուռ թողտվությամբ եւ համաձայնությամբ են տեղի ունեցել «իրավաչափության խախտումներ», որոնք էլ հանգեցրել են նոր «իրավաչափ խախտումների» այժմյան աշխարհի բոլոր տաք ու տաքացող կետերում, այդ թվում՝ Բեյրութում, Սինայում, Փարիզում, Մալիում… Եվ արժե՞ արդյոք հիմա Եվրոպառլամենտի պատգամավորներին հիշեցնել, որ նրանք նույնքան մեղսակցություն ունեն սույն իրադարձությունների համատեքստում, երբ 1987 թ. հունիսի 18-ին ընդունելով «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը այնտեղ նշում էին, թե Եվրոպական պառլամենտը
«Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:
Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:
Ի՞նչպես էր անդրադառնալու այս ոչ իրավաչափ որոշումը հետագայում… Ի՞նչպես էր անդրադառնալու այն ոչ իրավաչափ որոշումը, երբ Թուրքիայի Հանրապետությանը թույլ տրվեց բռնազավթել Արեւմտյան Հայաստանը, ապա Կիլիկյան Հայաստանը, ապա Ալեքսանդրեթի սանջակը, ապա հետագայում անպատիժ ոչնչացնել հայկական պատմաճարտարապետական ու քաղաքակրթական հետքը Հայաստան աշխարհում եւ նրան հարակից տարածքներում… եւ անպատիժ ժխտել Հայերի ցեղասպանության իրողությունը, այդպիսով իրականացնել նոր ցեղասպանության քարոզչություն:
Ի՞նչպես էր անդրադառնալու… եթե ոչ բումերանգի հետագծով:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականաստեղծ կառույցները 2012-2015 թթ. ընթացքում բազմիցս դիմել են ՄԱԿ-ի Անվտագության Խորհրդին եւ Սեւրի դաշնագիրը ստորագրած պետություններին Արեւմտյան Հայաստանի (ներառյալ Կիլիկիայի) տարածքը ապառազմականացնելու առաջարկով:
Առաջարկը հիմնավորվել է նաեւ նրանով, որ 2011 թ. Մարտի 29-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որոշում է ընդունել «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին», ինչը նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետության զինված ուժեր չեն կարող լինել նվազագույնը վիլսոնյան Իրավարար վճռով Հայաստանին հատկացված այդ տարածքներում:
Առաջարկվել է սկսել միանգամայն իրավական եւ օրինական (եւ իրավաչափ) մի գործընթաց, որի նպատակն է լինելու Թուրքիայի Հանրապետության զավթիչ ուժերի դուրս բերումը Հայաստանի բռնազավթված տարածքներից, մասնավորապես Արեւմտյան Հայաստանից եւ Կիլիկյան Հայաստանից:
Արեւմտյան Հայստանի հայերը՝ իրենց ինքնության, բնիկության, քաղաքացիության եւ պետականաստեղծ իրավասությունների համաձայն, վճռական են պաշտպանելու իրենց իրավական-քաղաքական բոլոր իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, այդ թվում՝ տարածքի վերջնական ապառազմականացման՝ զավթիչ ու օտար ուժերից:
Այդպես միայն կարող են իրավականությունը եւ իրավաչափությունը համապատասխանել, այլապես բոլոր ճանապարհները չէ որ տանում են դեպի խաղաղություն, խաղաղ համակեցություն եւ ազգամիջյան ու միջպետական հարաբերությունների բնականոն զարգացում աշխարհում:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Լրատվական Բաժին