ՀՀԿ-ից վարձկանները պետք է հեռանան /վիդեո/
Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` մասնավորապես ասաց, որ թեկնածուներ չառաջադրելով՝ ընդդիմությունը հնարավորություն տվեց վերընտրվելու Սերժ Սարգսյանին:
“Կարելի է ենթադրել, որ նրանք նախագահի ներկայացրած ծրագրին համարժեք եւ այլընտրանքային ծրագրեր չունեն , կամ որոշակի քաղաքական համաձայնություն կար”,-ասաց Արշակյանը: Վերջինս համոզված է, որ Սերժ Սարգսյանը բարձրացրել է պետականության դրոշը, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չէին կարող կանգնել պետականության դեմ:
Նախկին պատգմավորի համոզմամբ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր մասնակցել են երկրի ազատագրական պայքարին, ովքեր էլ պիտի ղեկավարեն երկիրը: “ Այդ իմաստով ամենահարմարը Սերժ Սարգսյանն է: Նա ունի աշխատանքային մեծ փորձ՝ ի տարբերություն մյուս թեկնածուների”,-ասաց նա` ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը սակայն պետք է փոխի իր թիմը: Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ անուններ կարող է նշել, Արշակյանն ասաց` Ազգային ժողովի 90 տոկոսը:
“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով, գործող իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանց օրոք սա այն Հայաստանը չէ, որտեղ ժողովուրդը ցանկանում է ապրել:
“ Մենք բերելու ենք նոր Հայաստանի ծրագիր՝ համոզելու հասարակությանը, որ այն ավելի լավն է: Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր մեջ համախմբում է Սփյուռքը, բայց նա շատ ավելի հայաստանցի է, քան շատերը: Մեր հիմնական նպատակն է, որպեսզի փետրվարի 18-ին բոլորը գնան ընտրությունների, այլապես կօգնենք այս իշխանություններին վերարտադրվելու”,-ասաց պատգամավորը:
Նախկին եւ ներկա պատգամավորների տեսակետները` նաեւ տեսանյութում: