ՄԻԱԿ-ը սատարում է գործող նախագահին
Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) վերլուծելով ու գնահատելով նախորդ հինգ տարիների իրողությունները, դրանցում հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, ազդարարում է, որ տվյալ ժամանակահատվածում.
Հայաստանը կարողացել է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ չեզոքացնել մեր տնտեսության եւ հանրային կյանքի տարբեր բնագավառներում դրա ունեցած հետեւանքները,
Մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է նախաձեռնողական, հասկանալի եւ ընդունելի միջազգային հանրության ու որոշումներ կայացնող քաղաքական կենտրոնների համար,
ԼՂ հիմնահարցում հայկական կողմի դիրքերն ավելի են ամրապնդվել, եւ հակամարտության կարգավորման մեր մոտեցումները, որոնք խարսխված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, հետզհետե ավելի մեծ աջակցություն են գտնում միջազգային հանրության կողմից,
Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացում, Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում,
Սոցիալական քաղաքականությունը դարձել է առավել հասցեական եւ միտված հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանը,
Կոռուպցիայի, անարդարությունների եւ հոռի երեւութների դեմ պայքարը դարձել է ամբողջական եւ արդյունավետ,
Շոշափելի բեկում է գրանցվել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում եւ քաղաքացիական հասարակության կայացման ասպարեզում:
Այս ձեռքբերումների կողքին դեռեւս առկա են խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մի շարք ուղղություններով ձեռնարկվում են կոնկրետ քայլեր եւ գործողություններ, որոնք մոտ ապագայում կարող են նշանակալի արդյունքներ ապահովել:
2013թ. թիվ մեկ քաղաքական իրադարձությունը ՀՀ Նախագահի ընտրություններն են: ՄԻԱԿ-ի որոշումը այս քաղաքական իրադարձության առնչությամբ աներկբա է. մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին պաշտպանելու ենք նրա թեկնածությունը: Այս որոշումն ավելի քան հինգ տարիների համագործակցության արդյունք է:
Վստահ լինելով մեր թեկնածուի համոզիչ հաղթանակի մեջ, ակնկալում ենք եւ անելու ենք մեզնից կախված հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիներին մեծ թափով շարունակվեն.
երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնց արդյունքները ուղղված կլինեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը եւ կայուն զարգացմանը,
քաղաքական սերնդափոխությունը եւ պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման գործընթացը,
դինամիկ աճի միտումները տնտեսության բնագավառում,
մեր երկրի դիրքերի ամրապնդումը ԼՂ կարգավորման գործընթացում, եվրոպական ինտեգրացիայի հետ կապված նախաձեռնություններում եւ հեղինակավոր միջազգային կազմակերպություններում,
մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացումը,
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դրա հետեւանքների վերացմանն ուղղված արդյունավետ ջանքերը,
Համայն հայության ներուժի համախմբումն ու Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդումը,
ժողովրդավարական բարեփոխումները եւ թիրախավորված պայքարը հասարակության հիմքերը խարխլող արատավոր երեւույթների եւ կարծրատիպերի դեմ: