Ի՞նչ է փոխվել Վանաձորի գիշերօթիկ դպրոցում մեկ տարի անց, երբ պարզվել էր, որ դայակը ծեծում է երեխաներին
Ի՞նչ է փոխվել Վանաձորի գիշերօթիկ դպրոցում մեկ տարի անց, երբ պարզվել էր, որ դայակը ծեծում է երեխաներին:
Դեռեւս 2014 թվականի հոկտեմբերին Օմբուդսմենի աշխատակիցներն այցելել էին Վանաձորի գիշերօթիկ հաստատություն: Գիշերօթիկի սաներն առանձնազրույցների ընթացքում պատմել էին, որ դայակներից մեկը հաճախ վիրավորում է իրենց, ապտակում, անգամ երբեմն հարվածում կախիչով եւ սպառնում, որ մերկ կկանգնեցի միջանցքում: Երեխաները նաեւ հայտնել էին, որ դպրոցներում իրենց հանդեպ ակնհայտ խտրական մոտեցում են ցուցաբերում ու հեգնում տարբեր առիթներով:
Օմբուդսմենը հաստատությունում եղած խնդիրների եւ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին եւ կոնկրետ առաջարկներ ներկայացրել խնդիրներին լուծում տալու նպատակով: Ընդգծենք, որ հաստատության տնօրինությունն ընդունել էր նշված խնդիրներն ու խոստացել լուծել դրանք:
Քանի որ արձանագրված խնդիրների լուծման համար ժամանակ էր հարկավոր, Օմբուդսմենի ներկայացուցիչները կրկին այցելել են Վանաձորի գիշերօթիկ հաստատություն շուրջ մեկ տարի անց:
Կրկնակի այցի արդյունքում արձանագրվել է, որ Նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով փոփոխվել է գիշերօթիկի անձնակազմը եւ համալրվել երիտասարդ ու փորձառու մասնագետներով: Արդյունքում, երեխաները որեւէ դժգոհություն չեն հայտնել անձնակազմի վատ վերաբերմունքից, չեն դժգոհել նաեւ հանրակրթական դպրոցներում իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորումներից: Այցի ընթացքում արձանագրվել է նաեւ, որ հաստատությունում բարելավվել են շենքային պայմանները, տարվել են վերանորոգման աշխատանքներ: