Հավաքված փայտանյութը կվերածվի այլընտրանքային վառելիքի
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Էյ Թի Փի»/ATP/ հիմնադրամի պատվիրակությանը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է «Էյ Թի Փի»/ATP/ հիմնադրամի պատվիրակությանը ՝ գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ:
Բարձր գնահատելով հիմնադրամի բնապահպանական գործունեությունը Հայաստանում՝ նախարարը ողջունել է հյուրերին և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել. «Թե մեր գերատեսչության, թե «Էյ Թի Փի» հիմնադրամի գլխավոր նպատակը մեր երկրի անտառային տարածքների ավելացումն ու կայուն զագացումն է, ինչպես նաև էկոլոգիական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը բնակչության շրջանում, ուստի ես վստահ եմ, որ միասնաբար առավել մեծ աշխատանք կարող ենք իրականացնել»:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ հիմնադրամի 20-ամյա գործունեությունը տվել է իր ցանկալի արդյունքը՝ Հայաստանի տարբեր տարածքներում տնկելով շուրջ 5 մլն ծառ և ստեղծելով տնկարաններ: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ երկու կառույցների համախմբումը միևնույն առաքելության շուրջ կարող է հիմք դառնալ առավել մեծ ծրագրերի իրականացման համար:
Կողմերը քննարկել են առաջիկա համագործակցության հեռանկարները, դիտարկել հնարավոր տարածքները, որտեղ կարելի է անտառտնկման աշխատանքներ իրականացնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ծառահատումների նվազեցման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ինչպես նաև թափուկի հավաքման և վերամշակման խնդիրներին:
Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ Սևանա լճի մաքրման աշխատանքների արդյունքում առաջացած թափուկը ներկայում պահեստավորվում է «Սևան» ազգային պարկի տարածքում, և առաջիկայում նախատեսվում է հիմնել վերամշակման կայան, որտեղ հավաքված փայտանյութը կվերածվի այլընտրանքային վառելիքի և որոշակի առումով կթեթևացնի հարակից համայնքների բնակիչների վառելիքի խնդիրը: Այս համատեքստում նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հիմնադրամի կողմից հավաքագրվող թափուկի վերամշակմանը:
Քննարկվել են նաև համատեղ էկոկրթական դասընթացների կազմակերպման և փորձի փոխանակման հեռանկարները: