Սա նշանակում է բանակցությունները կշարունակվեն հավերժ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը դեկտեմբերի 1-ին Փարիզում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունի.
«ՀՀ-ն չունի խաղաղության համար բանակցող գործընկերներ: Հակահայկական քարոզչությունն աճում է՝ զուգակցվելով ռազմական գործողություններով ոչ միայն ուղղված դեպի ԼՂՀ-ին, այլև Հայաստանին: Տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը ներկայումս ամենաահիմնական վտանգը ներկայացնում է Ադրբեջանը՝ որպես չկշռադատված և անկանխատեսելի հակառակորդ»:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այն համոզմանն է, որ մաքսիմալիստական քաղաքականություն են վարում ոչ միայն Ադրբեջանը, այլև հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը.
«Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք կոմպրոմիսի, բայց այն պայմանով, որ վերադարձ կատարվի դեպի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակ: Մեր կողմից հնչում են հայտարարություններ, թե չենք զիջելու մեկ թիզ հող: Սա նշանակում է, որ բանակցությունները կշարունակվեն հավերժ»:
«Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նկատեց, թե Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն է, որ նա միջազգային հանրությունից պահանջում է վերադարձնել այն, ինչ իրենք կորցրել են իրենց իսկ սանձազերծած պատերազմում:
«Ադրբեջանի սանձազերծ պահվածքը ես կապում եմ ՌԴ-ի հետ նրա հարաբերություններով և զենքի վաճառքով: Այդ գործարքների պատճառով խախտվել է ռազմական բալանսը: Բայց այդ խախտումը բավարար հիմք չի տալիս Ադրբեջանին՝ հույսեր ունենալու ռազմական հաջողության համար»: