11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրագրավն անհրաժեշտ է ընտրապայքարը արհեստական թեկնածուներից զերծ պահելու համար. նախարար

“Այս պրոցեսները կրկին անգամ գալիս են հաստատելու, որ  ընտրագրավն անհրաժեշտ է: Դա կարեւորագույն գործիքներից մեկն է ընտրապայքարը արհեստական, ոչ ռեալ, ոչ իրական թեկնածուներից զերծ պահելու համար’’,-այսօր անդրադառնալով ընտրագրավի խնդրին, ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ցանկացողներից 8-ը սահմանված կարգով 8 մլն ընտրագրավ վճարելու խնդրի առաջ էին  կանգնած: ԿԸՀ-ն այս թեկնածուներին 48 ժամ էր տվել ընտրագրավը վճարելու մասին անդորրագրերը ներկայացնելու համար: Այդ ժամանակահատվածն սպառվեց այսօր ժամը 14:00-ին: 

Դիտարկմանը, թե որոշ թեկնածուներ ընտրագրավի պահանջը համարում են հակասահմանադրական, Հրայր Թովմասյանը արձագանքեց.’’ Իսկ ով ասաց, որ Սահմանադրության մեջ  ամեն ինչ կա, Սահմանադրությունը կարգավորում  է ամենակարեւոր հասարակական հարաբերությունները, իսկ մնացածը կարգավորում է ԸՕ-ն’’:

Հրայր Թովմասյանի խոսքով, աշխարհում կան տարբեր մոդելներ, որոնք  զերծ են պահում արհեստական թեկնածուներին ընտրապայքարից: Դրանից մեկը ընտրագրավն է: Կան ավելի բարդ մեխանիզմներ, որոնք բարդեցնում են  արհեստական թեկնածուների մուտքը ընտրապայքար:

Օրինակ Ֆրանսիայում, ըստ նախարարի, թեկնածուն պարտավոր է հավաքել 500 ընտրովի  պաշտոն զբաղեցնող անձանց ստորագրություն` առաջադրվել կարողանալու համար: Որոշ երկրներում էլ, դա ընտրողների ստորագրությունների հավաքագրումն է: Հրայր Թովմասյանի խոսքով, վերջին շրջանում շատ երկրներ հրաժարվում են այս մեխանիզմներից` նախապատվությունը տալով ընտրագրավին:

“Ընտրագրավը հետ է վերադրաձվելու, եթե դու 5 տոկոսը  հավաքում ես, այսինքն, եթե դու իրական թեկնածու ես եւ ընտրապայքարում իրական շանսեր ունես, ապա հետ կստանաս’’,-հավելեց արդարադատության նախարարը:

Հ.Գ. Նշված 8 թեկնածուներից “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Սերգեյի Հարությունյանն արդեն ԿԸՀ է ներկայացրել ընտրագրավը վճարելու մասին անդորրագիրը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, ԲՀԿ-ական Ռուբեն Լեւի Այվազյանը, ”Ժամանակի էություն սոցիալիստական շարժման” ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը եւ Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Կոլյայի Աբրահամյանը հայտարարել են ընտրապայքարից հրաժարվելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ