Ամոթ քեզ … Շուշան Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի թասիբին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգական» Զարուհի Փոստանջյանը, ով, սակայն առավելապես խոսեց Սահմանադրական փոփոխությունների և առաջիկա հանրաքվեի մասին:
Նա հայտարարեց, թե իշխանությունները, բացի ԵՏՄ անդամակցությունից, ևս մեկ ցնցում են նախապատրաստում պետության համար: Ըստ պատգամավորի` Սերժ Սարգսյանը նախաձեռնել է համապետական մի միջոցառում և պետք է անցկացնի իր համար նախընտրելի մի փաստաթուղթ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց խոսել նախագծից, սակայն Փոստանջյանը չանսաց:
«Անհնազանդության գործողություններն ամենաարդյունավետն են, երբ չես հնազանդվում այդ ապօրինի օրենքներին ու դիմակայում բիրտ ուժին, որը դրանից սկսում է թուլանալ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ արագաչափերը ու այն կարմիր գծերը պատկանում են Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին, այդ տուգանքները մուծելով՝ օգնում ենք այդ բիրտ ուժին, որ նրանք նույն կերպ շարունակեն: Այս ապօրինի իշխանությանը պետք է քշենք:
Միասնական ցանկությունը պետք է դրսևորվի միասնական գործողություններով, ու դրանք պետք է լինեն համատարած. այն պետք է տարածվի նաև այլ հրապարակներում ևս: Մեկ շաբաթ չգնանք տուն ու մնանք փողոցում, մեկ շաբաթ կարող ենք ցրտից մսրել, մնանք սոված», -ասաց Փոստանջյանը:
Գալուստ Սահակյանը կրկին արձագանքեց. «Փողոցը լավ տեղ է, բայց վերադարձեք ԱԺ»: ԱԺ նախագահը, արձագանքելով դահլիճից բուռն կերպով ռեպլիկներ հնչեցնող ՀՀԿ կանանց՝ Կարինե Պողոսյանին, Ռուզան Մուրադյանին, Շուշան Պետրոսյանին, հեգնեց՝ իր դուրը գալիս է, կոչ արեց կանանց չընդհատել Փոստանջյանի ելույթը: Լսվեց Շուշան Պետրոսյանի արձագանքը` «Ամոթ քեզ…»:
Վրդովված Փոստանջյանն էլ իր հերթին ամոթանքին ամոթանքով պատասխանեց. «Ամոթը ձեզ, որ Սերժ Սարգսյանի թիմում եք ընդգրկվել ու թալանում եք մեր երեխաներին, մեզ բոլորիս»:
Գալուստ Սահակյանը չուշացրեց՝ «Խղճուկ, ժանրային բովանդակությունից զուրկ ելույթներ պետք չէ ունենալ: Թույլ տվեցի ելույթ ունենար, որ ժողովուրդը լսի՝ նման ելույթներ չի կարելի ընդունել: ՀՀԿ-ն նրան ասել էր՝ դեղ ընդունի ու մի ապատեղեկացրու ժողովրդին»: