Հրաժարվում է պայքարից, բայց ոչ ԲՀԿ-ից
Հայաստանի նախագահի թեկնածու, ԲՀԿ անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը հրաժարվում է մասնակցել պայքարից: Ըստ տեղեկությունների, նրան ահաբեկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թեկնածուն ասել է, որ պարտադրանք կամ որեւէ այլ ստիպողական գործողություն չի եղել, ուղղակի հորդորել են իրեն հաշվի առնել այն հանգմանքը, որ հասարակության մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ինքը իբր խախտում եմ ԲՀԿ կանոնադրությունը եւ քաղաքական խորհրդի որոշումը: Անձամբ Ծառուկյանին շարքային ԲՀԿ-ականը չի հանդիպել:
“ ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշման մեջ չկար որեւէ արգելք կուսակցության որեւէ անդամի ինքնուրույն առաջադրման հանգամանքին: Որոշումը բացառապես վերաբերվում էր կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու, կամ այլ քաղաքական ուժի թեկնածուներին սատարելուն: Վերլուծելով վերոգրյալը պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ գործողություններով չեն հակասել ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմանը”,-ասաց նա:
Ըստ մեր զրուցակցի, նրա կուսակից ընկերները վերջնական որոշումը թողել են Այվազյանի վրա: “Իսկ ես չեմ կարող թույլ տալ, որ լրատվամիջոցների կողմից իմ առաջադրման հարցը օգտագործվի ընդդեմ իմ կուսակից ընկերների”,-ասաց փաստաբանը:
Վերջինս ցանկություն չունի ԲՀԿ-ից հրաժարվելու: “Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա ցանկանում եմ նշել, որ ես բացառապես հայտարարել եմ հետեւյալը. եթե կուսակցությունը ցանկանա միայն այդ դեպքում ես կհրաժարվեմ կուսակցությունից, կամ եթե ընդունվի համապատասխան որոշում”,-ասաց նա:
Ի դեպ, հնարավոր է, որ Ռուբեն Այվազյանը դիմի ՀՀ վարչական դատարանին` ՀՀ ԿԸՀ-ի նախագահի և քարտուղարի անօրինական` ՀՀ “Ընտրական օրենսգրքով” չնախատեսված հակաքարոզ տարածելու համար: