Ինչն է վարչապետին լավատեսությամբ ներշնչել
Այս տարվա անդրանիկ նիստը ՀՀ կառավարության ղեկավարը սկսեց նախ շնորհավորելով կառավարության անդամներին եւ արձանագրելով, որ անցած` 2012 թվականը լարված աշխատանքի տարի էր եւ կառավարությունը կարողացավ լուրջ հաջողություններ արձանագրել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը լավատեսական համարեց նախորդ տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները եւ հույս հայտնեց, որ այդ հիմքի վրա կհաջողվի շարունակել իրականացվող բարեփոխումները:
Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը բարելավել է տնտեսական ազատության ցուցանիշը Ամերիկյան “Heritage” հիմնադրամի և “Wall Street Journal” թերթի ներկայացրած վարկանիշային ցանկում:
“Մենք այս բնագավառում եւս արձանագրել ենք առաջընթաց, բարելավել մեր դիրքերը, ինչը լավատեսության հիմք է ստեղծում, որ 2013-ին կկարողանանք մեր բարեփոխումները առաջ տանել, այս ինդեքսի բարելավումը մեզ համար ունենալու է էական նշանակություն’’,-շեշտեց Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստանը “Heritage” հիմնադրամի և “Wall Street Journal”-ի վարկանիշային աղյուսակում 38-րդն է՝ 69.4 միավորով եւ գտնվում է միջին ազատություն ունեցող երկրների շարքում:
Հոնկոնգը տնտեսության ազատության աստիճանով19-րդ տարին անընդմեջ աշխարհի առաջատարն է : 100 հնարավոր միավորից Հոնկոնգը հավաքել է 89, 3: Լավագույն հնգյակում են Սինգապուրը, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Շվեյցարիան: ԱՄՆ-ը 10-րդ տեղում է, Վրաստանը` 21-րդ:
ԱՊՀ երկրների շարքում առաջատարը Հայաստանն է` 69,4 միավորով և գտնվում է աղյուսակի 38-րդ հորիզոնականում, Ադրբեջանը միայն 88-րդ տեղում է: Ռուսաստանը փորձագետների կարծիքով տնտեսության ազատականացման ամենացածր ցուցանիշ ցուցաբերած երկրներից է. նրան բաժին է ընկել 139-րդ տեղը: