ՀՖՖ-ը հերքում է. բուլվարային խոսակցություններ են
ՀՖՖ-ը հաղորդագրություն է տարածել, որում հերքել է ռուսական լրատվամիջոցի տարածած տեղեկատվությունը, թե Կրասնոդարի ”Կուբան”-ը Հայաստանի հավաքականի ավագ Վարդան Մինասյանին առաջարկել է գլխավորել իրենց ակումբը:
”Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի ”Կուբանի” ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես ”Կուբանի” գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները, համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը: Չնայած, որ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը բազմիցս անդրադարձել է այս թեմային, սակայն հաշվի առնելով, որ izvestia.ru-ի լուրը մեծ տարածում գտավ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ներում, ՀՖՖ մամուլի քարտուղարությունը կրկին հերքում է այն, տեղեկացնելով, որ Վարդան Մինասյանին ”Կուբանի” գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել եւ նման խոսակցությունները պարզապես բուլվարային խոսակցություններ են”,-ասված է հաղորդագրության մեջ: