23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օբաման շահագործում է թուրք ղեկավարների ինքնասիրության մարմաջը

Չնայած քաղաքական ղեկավարները հաճախ չափազանցնում են իրենց ձեռքբերումներն ու պարծենում իրենց ժողովրդի գերազանցությամբ, սակայն նման պնդումներն անհեթեթ են դառնում, եթե դրանք շատ են հեռանում իրականությունից եւ հասնում ազգայնամոլության ու ինքնասիրահարվածության: 

Երբ ղեկավարները մեծամտության չափազանց մեծ զգացում են տածում, նրանք կարող են հեշտությամբ շահագործվել ուրիշների կողմից, ովքեր օգտագործում են նրանց ինքնասիրության անհագ ծարավը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք տառապում են նկարագրի նման թերությամբ: 

Թուրքական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են “Լոս Անջելես թայմս” թերթի հոդվածը՝ հաղորդելով, որ “Նախագահ Օբաման ավելի շատ հեռախոսազանգեր է կատարել Էրդողանին, քան աշխարհի որեւէ ղեկավարի, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի”: Երբ այս երկուսը Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գրասենյակում, նախագահ Օբաման Էրդողանին “ավելի շատ ժամանակ է հատկացրել, քան մեկ այլ համաշխարհային ղեկավարի”, որը տեւել է մոտ երկու ժամ: Միացյալ Նահանգների նախագահը գովաբանել է Թուրքիայի վարչապետին որպես “մեծ ղեկավար”: “Լոս Անջելես թայմս”-ը մասնավորապես նշել է, որ Օբաման անգամ “շողոքորթության է դիմել”՝ այնուհետեւ զանգահարելով Էրդողանին եւ “հիացմունքով խոսելով թուրքական բասկետբոլի մրցաշարի մասին”: 

Հետեւելով “Լոս Անջելես թայմս”-ի լրատվությանը, թուրքական “Թըդեյս Զաման” օրաթերթը հրապարակել է մի հոդված, որտեղ առավել կարեւորել է երկու ղեկավարների միջեւ առկա սերտ հարաբերությունները. “Էրդողանի եւ Օբամայի հեռախոսազրույցները բացահայտում են Թուրքիայի առաջընթացը”: Հոդվածում տեղ է գտել մի լուսանկար, որտեղ Ամերիկայի եւ Թուրքիայի առաջնորդները պատկերված են միմյանց ձեռք սեղմելիս՝ լայն ժպիտները դեմքերին:

Չնայած վարչապետ Էրդողանը բարյացակամ չէ որեւէ մեկի հանդեպ, ով անբարեհաճ խոսքեր է գրում նրա մասին եւ հաճախ դատի է տալիս լրագրողներին, ովքեր հանդգնում են քննադատել նրա քաղաքականությունը, այնուամենայնիվ հայտնի թուրք մեկնաբան Սեմիհ Իդիզը բանտարկվելու ռիսկի տակ անցյալ շաբաթ հոդված է գրել “Էլ-Մոնիտոր” թերթում՝ “Արդյոք Էրդողանը ձգտո՞ւմ է ժամանակակից սուլթան դառնալ” վերնագրով: Իդիզն ընդգծում է վարչապետի “բռնատիրական հակումներն ու հանդուրժողականության բացակայությունը որեւէ քննադատության հանդեպ, հատկապես ազատ մամուլի կողմից”: 

Թուրք լրագրողը մանրամասն գրում է Էրդողանի՝ 2014 թվականի օգոստոսին նախագահ առաջադրվելու ծրագրերի մասին, բայց ոչ ավելի շուտ, քան նոր սահմանադրության մշակումը, որը երկրի ներկայիս առաջին դեմքի ձեւական պաշտոնը կձեւափոխի “գործադիր նախագահության” եւ այն “ծանրաբեռնված չի լինի զսպող եւ հավասարակշռող ուժերի համակարգով”: Եթե Էրդողանը նախագահ ընտրվի, նա “իրավունք կունենա լուծարել խորհրդարանը, կառավարել արտակարգ լիազորությունների հիման վրա եւ նշանակել նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու դատավորներին, առանց խորհրդարանի հավանության”: 

Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ամերիկյան նախագահական համակարգը՝ նախագահի իշխանությունը սահմանափակող զսպող եւ հավասարակշռող ուժերով, հարմար չէ Թուրքիայի համար. “Միացյալ Նահանգների նախագահը չի կարող դեսպան նշանակել, նա անգամ չի կարող միանձնյա որոշում կայացնել մի ուղղաթիռ վաճառելու մասին…. Ահա թե ինչու մենք պետք է ստեղծենք թուրքական ոճի նախագահական համակարգ”:

Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով լուրջ մտավորականի համբավ ուներ, ըստ երեւույթին, մրցում է իր ինքնահավան վարչապետի հետ: Անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած թուրք դեսպանների տարեկան համաժողովում, Դավութօղլուն իր բացման խոսքում հանդես է եկել շատ ամբարտավան հայտարարությամբ՝ պնդելով, որ Թուրքիան վճռական դեր է խաղում միջազգային հարցերում. “Քանի որ մեծ պետությունները գիտեն, որ պատմությունը անցնում է Անկարայի միջով, ապա այն կողմերը, որոնք անտեսում են Անկարային, չեն կարող հասկանալ պատմությունը: Նա, ով ռիսկի է դիմում Անկարայի հետ ունեցած հարաբերություններում, ռիսկի կդիմի նաեւ տարածաշրջանային բոլոր քաղաքականություններում…. Նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ պատմությունը, պետք է ներկա լինեն Անկարայում, Ստամբուլում եւ Թուրքիայի ցանկացած այլ վայրում, քանի որ այժմ մենք ավելի ակտիվորեն ենք մասնակցելու պատմության հոսանքի կերտմանը”: 

Եվ այս անհեթեթ խոսքերը հնչում են այն արտգործնախարարի կողմից, ով իր ներկայիս պաշտոնը ստանձնելիս ամպագոռգոռ հայտարարել էր, թե իր երկիրը հետապնդում է “զրո խնդիրներ հարեւանների հետ” քաղաքականություն: Դառը իրականությունն այն է, որ Թուրքիան այժմ գրեթե առանց խնդիրների հարեւաններ չունի: Իրոք, Անկարան լուրջ հակամարտություններ ունի հարեւան Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի հետ: 

Իր ավագ գործընկերներից հետ չմնալու համար Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով խնդրահարույց պետնախարար Էգեմեն Բաղեշն Ամանորը ողջունել է տարօրինակ հայտարարությունների մի թարմ ցուցակով. “Այսօր Եվրոպայում չկա որեւէ կառավարություն, որը ավելի շատ կողմնակից լինի բարեփոխումներին, քան մեր կառավարությունը: Այն ժամանակ, երբ Եվրամիության անդամ երկրները պայքարում են ճգնաժամի դեմ, մեր երկիրը ապրում է իր պատմության ամենաժողովրդավարական, բարգավաճ, ժամանակակից եւ թափանցիկ շրջանը: Երեկվա «հիվանդ մարդը» ոտքի է կանգնել եւ ուժ է հավաքել՝ այսօրվա Եվրոպային դեղատոմս գրելու համար… եւ կիսել Եվրամիության բեռը, այլ ոչ թե բեռ դառնալ նրա համար”:

Նախագահ Օբաման բացահայտել է, որ նա կարող է թուրք ղեկավարներից ավելի շատ օգուտ ստանալ, նրանց “յուղելու, այլ ոչ թե դեղելու” միջոցով՝ շահագործելով նրանց՝ գովասանքի ու շողոքորթության հիվանդագին մարմաջը: Խնդիրն այն է, որ նման շռայլ գովասանքը Թուրքիային վերածել է ”շփացած լակոտի”, որը լուրջ սպառնալիք է դարձել բոլոր հարեւանների համար: 

 

Հեղինակ`Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ