08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեխանիզմի խորհուրդը. Առավոտ

Վերջերս նայում, էի ամերիկյան “Newsroom” սերիալը` այն լրագրողների աշխատանքի մասին է: Առաջին տպավորությունը, որն առաջացել է թե իմ եւ թե, որքան շփվել եմ, իմ հայաստանյան գործընկերների մոտ, հետեւյալն է. ոչ տաղանդով, ոչ պրոֆեսիոնալիզմով մեր լրագրողները (խոսքը հենց լրագրողների եւ ոչ թե քարոզիչների կամ լուրեր մոգոնողների մասին է) չեն զիջում ամերիկացիներին: Փոխարենը նրանք ունեն լուրեր թողարկելու յուղած եւ տեխնիկապես կատարյալ մեքենա, որը տարբերվում է մեր մեքենայից ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են “նորագույն” “Երազը” նորագույն “Ֆորդից”:
Սերիալը հիշեցի` կարդալով լուրերն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախագահը առաջ քաշում Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի եւ պաշտպանության նախարարի թեկնածուներին, եւ ինչպես են դրանք քննարկելու Կոնգրեսում: Սա էլ տվյալ երկրի պետական մեխանիզմի կարգավորված լինելու վկայությունն է: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օբամային հեշտ չի լինելու նշանակել Ջոն Բրենանին եւ Չաք Հեյգելին այդ պաշտոններին, որովհետեւ Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները բազմաթիվ դեգոհություններ ունեն այդ թեկնածուներից: Ավելին, տվյալ դեպքում դեմոկրատները նույնպես կարող են առարկություններ ունենալ, որովհետեւ Հեյգելը [որն, ի դեպ, Վիետնամի պատերազմի վետերան է] հենց Հանրապետական, այսինքն ձեւական առումով “ընդդիմադիր” կուսակցության անդամ է, ինչը, սակայն, չի ազդել դեմոկրատ Օբամայի որոշման վրա:

Այս հակակշիռների համակարգի շնորհիվ է, որ Օբաման չի կարող եւ չի էլ փորձելու բարձր պաշտոններում նշանակումներ անել “թայֆայական” սկզբունքով, իսկ եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենա, միեւնույն է` հասարակությունը, Կոնգրեսը, Սենատը, լրատվամիջոցները այնպիսի ճնշում կգործադրեն, որ նման պաշտոնյաներից ու գուցե նման նախագահից հեշտությամբ կազատվեն:

Ամերիկացի պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները ոչ բարոյական եւ ոչ էլ ինտելեկտուալ առումով չեն գերազանցում մերոնց (չհաշված կրթական ցենզը, որը մեր ԱԺ -պատգամավորների կեսի մոտ բացակայում է): Պարզապես այդ երկրում մոտ 240 տարում ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, այնպիսի մեխանիզմներ, որոն` կարողանում են արդյունավետ կազմակերպել քաղաքական եւ տնտեսական կյանքը:
Մենք, իհարկե, 240 տարի սպասելու ժամանակ չունենք: Ոչ էլ, հաշվի առնելով մեր շրջապատը, կարող ենք մեզ թույլ տալ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ եւ այլ “շռայլություններ”, որոնք եղել են ԱՄՆ եւ այլ` ներկայումս քիչ թե շատ բարեհաջող պետությունների պատմության մեջ:

Մեզ համար հավասարապես վտանգավոր են թե լճացումը եւ թե հեղափոխությունը: Մնում է կազմակերպված, խաղաղ, զուսպ, բայց նաեւ վճռական ճնշումը, որը մեր երկրին բարեփոխումներ կպարտադրի:

Արամ Աբրահամյան, 

“Առավոտ”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ