Սպանություն Երեւանում.տղամարդու դին մասնատել են
Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Սաշիկ Սարդարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը եւ Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:
Տեղում են նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ֆոտոլրագրողը հյատնում է, որ այգում եղած կիսակառույց շինության հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մասնատված վիճակում: Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ փրկարարական խմբի հրամանատարի տեղակալ Մհեր Ղազարյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկայի միջոցով, մեծ դժվարությամբ կարողացան բացել կիսակառույց շինության երկաթյա դուռը: Ներսում քննչական խումբը հատակին, պատերին եւ մի քանի հատվածներում հայտնաբերեց արյան հետքեր, կացին եւ խարտոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սպանվածը Երեւան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 48-ամյա Արա Հունանյանն էր, որը ըստ տեղեկությունների, ամուսնացած էր եւ ուներ ընտանիք:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ սպանություն կատարող անձին հայտնաբերելու համար: