Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ.Սերժ Սարգսյանը մրցանակ է հանձնել
Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն:
Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողություններն ու դինամիկան՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%: Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իրականացվող նախաձեռնություններին: Նա հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց և այս տարվա մրցանակակրին՝ Եվգենի Կասպերսկուն:
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:
Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Եվգենի Կասպերսկին. «Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ: Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը: Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ: Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է: Շատ շնորհակալ եմ պարոն Նախագահին, շատ շնորհակալ եմ հանձնաժողովին, որն ընտրել է իմ թեկնածությունը՝ ինձնից ոչ պակաս արժանի թեկնածուների ցուցակից, ես շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր աջակցեցին այս միջոցառմանը: Եվ ես խոսք եմ տալիս, որ կաշխատեմ է՛լ ավելի լավ: Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլև՝ ողջ աշխարհը, որովհետև հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի և կիբեր տարածության մեջ: Դրանք միահյուսված են, և մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա: Եվ այս պարգևը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ: Շատ շնորհակալություն»,-ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Հարգելի՛ պարոն Կասպերսկի,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Սրտանց ողջունում եմ ձեզ և բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր:
Ես մեծ հաճույքով հաճելի պարտականություն կատարեցի` պարոն Եվգենի Կասպերսկուն հանձնեցի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի այս տարվա մրցանակը:
Աշխարհով մեկ սփռված համակարգիչներից օգտվող միլիոնավոր մարդկանց համար «Կասպերսկի» և «Կասպերսկու լաբորատորիա» անունները հատուկ ներկայացնելու կարիք չկա: Այս անունները մարդկանց առօրյայի մաս են դարձել՝ օգնելով բոլորին պաշտպանել սեփական տեղեկատվությունը:
Յուրաքանչյուր համակարգ կարող է լինել թերի ու խոցելի: Համակարգերի թերությունները պետք է ուղղվեն, իսկ խոցելի հատվածները ճիշտ ժամանակին հայտնաբերվեն ու պաշտպանվեն ներքին ձախողումներից և առավել ևս` անհարկի միջամտություններից: Հենց այստեղ է, որ արդեն ավելի քան քառորդ դար իր բեղմնավոր գործունեությունն է ծավալել պարոն Եվգենի Կասպերսկին՝ օգնության հասնելով միլիոնավոր օգտատերերի:
Վերջին տարիներին Հայաստանում թերևս ամենակարևոր ձեռնարկումներից մեկը եղել է հատուկ ուշադրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: Համադրելով պետական և մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է այս ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական: Եվ այստեղ, իհարկե, ամենաուրախալին մեր երիտասարդների շարունակական ներգրավումն է այս բնագավառում:
Այնուամենայնիվ, կարևոր է գիտակցել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի կյանքում զուտ տնտեսական գործոն չեն: Այսօր այս տեխնոլոգիաների միջոցով Հայաստան է մուտք գործում արդիականությունը: Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են Հայաստանի արդիականացման ամենակարևոր միջոցներից մեկը:
Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ: Հենց այստեղ է, որ մեզ բոլորիս օգնության են գալիս համակարգչային վիրուսների և վնասակար տարրերի դեմ պայքարելու գործին լծված մարդիկ: Նրանց շարքում Եվգենի Կասպերսկին և նրա ստեղծած լաբորատորիայում միավորված մասնագետները, իհարկե, զբաղեցնում են իրենց ուրույն և կարևոր տեղը:
Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհով մեկ գլուխ բարձրացնում հետադիմական ուժերը, որոնք փորձում են խեղդել ժամանակակից աշխարհն ու արդիականացման գաղափարախոսությունը: Չգիտեմ՝ արդյո՞ք պարոն Կասպերսկին գիտի, թե ինչ հակավիրուս է մեզ անհրաժեշտ այդ չարիքի դեմ պայքարելու համար: Սակայն, վստահ եմ, որ արդի աշխարհն այնքան ճկուն և խոհեմ է լինելու, որ ի վերջո գտնելու է նաև այդ չարիքից պաշտպանվելու հակավիրուսը: Եվ դա լինելու է արդիականության և արդիականացման հաղթական պատասխանը հետադիմության և տգիտության վիրուսին:
Հարգարժա՛ն պարոն Կասպերսկի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կասկած չկա, որ Ձեր կատարած աշխատանքը գնահատված է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դուք և ձեր համախոհները նոր դռներ եք բացում մարդկության առջև, միաժամանակ նաև օգնում հուսալիորեն պաշտպանել այդ դռները: Հայտնի է, որ ում շատ է տրված, նրա հանդեպ ներկայացվող պահանջներն էլ բարձր են:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ հպարտանալու և ուրախանալու ենք Հայաստանի Հանրապետությունում:
Շնորհակալություն: