«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է սպասվում
Կառավարությունը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի առցանց եղանակով իմանալ իրենց հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բխում է հարկային վարչարարության արդիականացման ռազմավարությունից՝ հիշեցնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացնում է հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը:
«Վերջնական արդյունքը, որին մենք ցանկանում ենք հասնել այս նախաձեռնության ընդունմամբ, հետևյալն է՝ հարկ վճարողը ցանկացած պահի պետք է հնարավորություն ունենա ցանկացած պահի առցանց եղանակով տեսնել իր հարկատուի պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների և ցանկացած պահի, իր գրասենյակում նստած, հնարավորություն ունենա տեսնել իր միջոցների շարժը: Այս պահին նման հնարավորություն չկա, քանի որ համապատասխան իրավական, տեխնիկական և օրենսդրական լուծումներով հարկային համակարգը միայն հարկային ծառայողներին է հնարավորություն տալիս տեսնել հարկ վճարողների հարկային պարտավորությունները: Մուտքագրումները որոշ դեպքերում դեռևս կատարվում են հարկային ծառայողների միջամտությամբ, մինչդեռ այս նախաձեռնությունը նախատեսում է համակարգի ամբողջական ավտոմատացում, իսկ օրենսդրական, իրավակկան լուծումներն ուղղված են նրան, որպեսզի մարդկային գործոնի միջամտությունը բացառվի հարկային պարտավորությունների հավաքագրման առումով»,- նշեց Միրումյանը:
Փոխնախարարը նշեց, որ առաջարկվող փոփոխություններն արմատական են հարկային վարչարարության արդիականացման ռազմավարության շրջանակներում իրականացվող գործողություններում:
«Արմատական է ոչ այն առումով, որ միայն մենք ենք հնարավորություն ընձեռելու, որպեսզի հարկ վճարողները առցանց եղանակով կարողանան տեսնել իրենց պարտավորությունները, այլ այստեղ կարևոր է այն հանգամանքը, թե ինչ գործիքակազմով ենք մենք դրան հասնելու: Առցանց եղանակով հարկային պարտավորություններին հետևելու հնարավորություն ընձեռում են մի շարք երկրներ, բայց գործիքակազմը, որ մենք առաջարկում ենք ունեն միայն մի քանի զարգացած երկրներ՝ մասնավորապես, Սկանդինավյան երկրները»,- ընդգծեց Միրումյանը: Մանրամասնելով ասվածը՝ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ներկայումս կան 50-ից ավել հաշիվներ, որոնք հաշվառում են հարկ վճարողների պարտավորությունները: Այդ հաշիվները բաժանվում են ենթահաշիվների՝ ըստ հարկատեսակների և կազմակերպաիրավական տեսակների:
Վախթանգ Միրումյանը ներկայացրեց, թե ինչպես է աշխատելու այդ մեկ միասնական հաշիվը:
Փոխնախարարը նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից, քանի որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ օրենքը գործարկելու համար: