«… ուզում ես ականջին օղակ անցկացրու»
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նշելով, թե խնդիրը քաղաքական կամքն է, և եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է պատշաճ կազմակերպել ցանկացած ընտրություն:
Նաիրա Զոհրաբյանը վստահ է` եթե չկա քաղաքական կամք, ուզում ես ականջին օղակ անցկացրու, որ ես արդեն քվեարկել եմ, ուզում ես անձնագրում 100 հատ դրոշմակնիք դիր, միևնույն է, ամեն ինչը շրջանցելու մեխանիզմը գտնվելու է:
Զոհրաբյանը խոսեց նաև իշխանությունների շահարկումների մասին, որ եթե ընդդիմությունը հանձնաժողովներում վստահված անձինք ունենա, որևէ կեղծիք հնարավոր չի լինի.
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ-ն ունի այնքան վստահելի, անկաշառ, պրոֆեսիոնալ, լիցենզավորում անցած հանձնաժողովի անդամներ, որ բոլոր քաղաքական ուժերի հանձնաժողովի տեղերը կարող է վերցնել, որպեսզի ընտրություններում որևէ անօրինականություն չթույլատրվի: Այնպես որ հղում մի՛ արեք, որ չունեն անհրաժեշտ քանակությամբ վստահելի անձինք: Մենք ունենք, ովքեր չունեն, խնդրում եմ, դիմեք այդ քաղաքական ուժերին»: