Շարմազանովը` «հարգելի» Զարուհուն
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո խնդրեց ելույթ ունենալ բացառապես նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի նախագծի շուրջ: Շարմազանովը հիշեցրեց` օրինագծով թույատրվելու է հանրավքեին ընտրության իրավունքն իրացնել այն 182 հազար ՀՀ քաղաքացիներին, ովքեր անձնագրերի փոխարեն ունեն նույնականացման քարտեր:
Շարմազանովը հակադարձեց Փոստանջյանին` մարդիկ խոսում են պետական կառավարումից, պետական շահերից, սակայն չեն կարողանում նույնիսկ խմբակցություն ղեկավարել. «Այ հարգելիներս, դուք մի կուսակցություն, մի խմբակցություն չկարողացաք ղեկավարել, մի կուսակցություն, մի խմբակցություն փոշիացրեցին. դուք՝ ուր, պետական կառավարումն՝ ուր»:
Փոստանջյանը մասնավորապես հայտարարել էր. «Հանձնաժողովի նույնիսկ բոլոր ազնիվ անդամները, որոնք կպահեն այդ «ոչ» ձայները, միեւնույն է, ԿԸՀ-ում պարոն Մուկուչյանը մի քանի ժամով կխափանի համակարգը եւ կնկարի Սերժ Սարգսյանի համար «այո»-ները:
Հետեւաբար պետք է ցույց տանք մեր ուժը, իսկ ուժը ցույց ենք տալիս, եթե բողոքում ենք ու բողոքում ենք համընդհանուր՝ բոլոր տեղերում: Բողոքը պետք է լինի մինչեւ դեկտեմբերի 6-ը, պետք է լինի մի քանի օր շարունակ: Դեկտեմբերի 6-ից հետո նույնպես բողոքը պետք է տեսանելի լինի, մեր խնդիրը դա է, ուրիշ խնդիր չունենք: Թե չէ ուզում եք հանրաքվե անցկացրեք, ուզում եք կարգերը փոխեք, այլ կառավարման մոդել ընտրեք, միեւնույն է, ոչ մեկի կյանքը չի բարելավվելու, 1 մլն-ից ավելի մարդ շարունակելու է լինել աղքատ, բռնել արտագաղթի ճանապարհը, ոչ մեկի կյանքը չի լավանալու»: