Սողոմոնը խնդրել է, որ իր զինվորական համազգեստը հագցնենք. մայրը հուզվեց
«Որդուս կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում, էսքանից հետո կգնա միանալու ընտանիքին և ընկերներին: Մեկ այլ վայրում նրա մարմինը չպետք է հողին հանձնեին: Սողոմոնը խնդրել է, որ իր զինվորական համազգեստը հագցնենք, ճիշտ է մաշված է, բայց կհագցնենք, թող գոնե դա իր սրտով լինի»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց 20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, նոյեմբերի 8-ին մահացած Սողոմոն Քոչարյանի մայրը:
Տիկին Զինան նշեց, որ ընտանիքը դեռ չի որոշել նրա հոգեհանգստի ու հուղարկավորության տեղն ու ժամը:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը մահացավ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր ամիսներ առաջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:
Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել է կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպանություն է գործել նրա միակ դուստրը: