Գալուստ Սահակյանը վստահ է՝ մյուս նախագահը ՀՀԿ-ից է լինելու
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ քաղաքական կուսակցությանը ձեռնտու է միակենտրոն ղեկավարությունը, իսկ եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, շահեկան պայմաններում այսօր Հանրապետականն է՝ թե՛ նույնը թողնելով, թե՛ լրիվ նախագահական դարձնելով: Լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի նշանակում, որ ՀՀԿ-ն հաղթելու է, արձագանքեց.
«Դա հաղթանակ չէ, այլ արդյունքների ձեռքբերում է, որովհետև ընտրությունների ընթացքում կցկտուր շտաբներ են բացում, դրանից հետո մոռանում են ժողովրդին՝ օգտագործելով Ազգային Ժողովի ամբիոնը, Ազատության հրապարակը։ Հիմա էս մոդելով դրա կարիքն էլ չի լինելու»:
Ըստ նրա՝ եթե Սերժ Սարգսյանն էլ չլինի նախագահ, մի ուրիշ հանրապետական կլինի:
«Փորձում են վարկաբեկել՝ իբրև թե գլխավոր մի բոբո կա հանրապետությունում, և նրանից պիտի ազատվել։ Ես էլ ասում եմ՝ ցույց տվեք որևէ մեկին, ով կենսագրական այնպիսի արարումներ ունենա դերակատարման ընթացքում, քան մեր նորանկախ Հայաստանում է։ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, դեմ չեմ, նրանք էլ բավականին դերակատարում են ունեցել և կարող էին ունենալ, բայց եկեք տեսեք, որ այս պահին նրանք էլ համապատասխան թիմ չունեն»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: