Սուրեն Առուստամյանը խենթանում է աղջիկների այդ տեսակից /վիդեո/
“Առաջին հերթին կմաղթեմ, որ 2013-ին եւ, ընդհանրապես, բոլոր երեխաներն առողջ լինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կիթառահար, երաժիշտ Սուրեն Առուստամյանը: Մեր նախատոնական զրույցի ընթացքում երաժիշտը կիսվեց անկեղծ զգացողություններով:
–Սուրեն, 2013-ը ջրային օձի տարի է: Դու ծնվել ես օձի տարում: Օձային հատկանիշներ կա՞ն քո մեջ:
-Միգուցե, նշել չեմ կարող, սակայն շատ ուրախ եմ, որ ծնվել եմ օձի տարում, քանի որ օձի հատկանիշներ կան, որ շատ են ինձ դուր գալիս: Առաջին հերթին` երեւի իմաստությունը:
–Ամանորին որեւէ յուրօրինակ նվեր ստացե՞լ ես, որ կհիշես ողջ կյանքում:
-Այո, կիթառ, որն ստացել եմ ընտանիքիս անդամների կողմից եւ որի համար շատ եմ ուրախացել:
–Ամանորի հետ կապված որեւէ անիրականալի երազանք ունե՞ս:
-Իմ երազանքները հիմնականում իրականալի են, քանի որ դրանք նաեւ նպատակներ են, որոնց ես ձգտում եմ հասնել: Կախարդական երազանքներ չունեմ:
–Կհիշե՞ս ինչ-որ խենթություն` կապված ամանորի հետ, կամ որեւէ խենթություն, որ հենց ամանորին ես արել:
-Խենթություններ շատ եմ սիրում եւ անում եմ: Բայց չեմ կարծում, որ ամանորը խենթությունների համար տոն է: Ինձ համար այն ավելի շատ ընտանեկան ջերմ մթնոլորտում անցկացնելու տոն է:
–Սուրեն, գրեթե ամեն ուրբաթ համերգ ես ունենում ակումբում: Երգացանկը փոփոխական է, սակայն կան սիրված երգեր, որոնք հաճախ ես նվագում: Ամեն անգամ նույն զգացողություններն ու ապրումնե՞րն ես ունենում դրանք նվագելիս:
-Ոչ, իհարկե: Որքան էլ որ նվագես, զգացողությունները տարբեր են: Ամեն անգամ նորովի ես զգում ցանկացած երգ: Ամեն կատարման մեջ նոր ապրումներ են: Եթե որեւէ երգ ձանձրացնի, պարզապես էլ չեմ նվագի:
–Երգերիդ մեջ նույն հերոսուհի՞ն է: Թե՞ ըստ իրավիճակի` մուսան կարող է փոխվել:
-Դա կախված է երգից, տվյալ իրավիճակից: Հնարավոր է մտովի կոնկրետ ինչ-որ մեկին ուղղեմ երգս, մտածեմ ինչ-որ մեկի մասին: Հնարավոր է նաեւ դահլիճից ինչ-որ մեկի հետ կապեմ` նույնիսկ անծանոթ աղջկա: Ամբողջովին կախված է պահից եւ երգից:
-Աղջկական ո՞ր հատկանիշները կարող են քեզ խենթացնել եւ որոնք չափից դուրս զայրացնել:
-Անկեղծությունը, առաջին հերթին: Եվ, իհարկե, ներքին կրակը, որ պիտի լինի յուրաքանչյուր աղջկա մեջ: Խենթության աստիճանի զայրացնում է աղջկա անտակտությունը, աղջկան ոչ վայել պահվածքը:
-Ի՞նչը կարող է ստիպել Սուրեն Առուստամյանին լացել:
-Շատ զգացմունքային մարդ եմ եւ կարող եմ հուզվել շատ բաներից: Օրինակ` եթե հարազատներիցս որեւէ մեկի հետ տհաճ դեպք պատահի:
–Հնարավո՞ր է, որ հուզվես ինչ-որ երգից կամ ֆիլմից:
-Այո, տպավորիչ ֆիլմից կարող եմ հուզվել:
–Ի՞նչ զգացողություն ես ունենում անկանխատեսելի իրավիճակներում: Կողմնորոշվել ստացվո՞ւմ է, թե հնարավոր է, որ խուճապի մատնվես:
-Սովորաբար`ոչ: Կարողանում եմ տվյալ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, սակայն, բնականաբար, կան իրավիճակներ, երբ ոչ մի կերպ չես կարող կանխատեսել` ինչպես կվարվես:
–Եթե, աստված մի արասցե, քեզ տրվի վերջին հնարավորությունը որեւէ երգ նվագելու, ո՞ր երգը կնվագեիր:
-Շատ երգեր կցանկանայի նվագել, սակայն եթե մեկ երգի հնարավորություն տրվեր, ուրեմն` Էրիկ Քլեփթոնի “Լեյլան”: