«Շուռ են տվել »
«Բուդաղյանների գործով ներպետական ատյաններում ունենք երեք տարբեր գործեր: Սակայն արյունալի դեպքի արդյունքում ունենք ընդամենը մեկ հոգի, որի հանդեպ քրեական դատավարություն է իրականացվում՝ դա Արտակ Բուդաղյանն է: Քրեական հետապնդումը Արտակ Բուդաղյանի նկատմամբ ստեղծվել է զուտ այն նպատակով, որ արդարացվեն Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու կրակոցները ու արարքը»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների պաշտպան՝ Հայկ Ալումյանը:
Ալումյանը հիշեցրեց, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական վճիռ, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: Առաջին դատական նիստը մեկնարկելու է այսօր:
«Արտակ Բուդաղյանի գործը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի:Դատախազությունը և քննչական մարմինները փորձում են Սուրիկ Խաչատրյանին և նրա մերձավորներին ներկայացնել, որպես պաշտպանվողներ, որոնք տուժել են Արտակ և Ավետիք Բուդաղյանների գործողություններից: Մենք ամեն բան անում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրանը և իրենց ներկայացմամբ, մերձավոր՝ Զարզանդ Նիկողոսյանը, որոնք պետք է մեղադրվեն 2013 թվականի հունիսի 1-դեպքերի համար»,-նշեց գործով պաշտպանը:
Ալումյանի խոսքով՝ մոտեցում կա, որ Բուդաղյանները պետք է ամբողջ ընտանիքով այս ապօրինությունների միջով անցնեն. « Արա Բուդաղյանի նկատմամբ նույնպես կիրառվում է այդ մեթոդը: Գիտենք, որ այս տարվա հուլիսի 3-ին նրան կալանավորել են, իբր Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների ժամանակ ունեցել է իր մասնակցությունը: Նա պետք է կալանավորված մնար երկու ամսով, սակայն կալանքի ժամկետը անընդհատ երկարացնում են: Ամեն բան անելու եմ, որ շուտ թե ուշ այս հարցը լուծվի, քանի որ դա այսպես մնալ չի կարող»:
Լրագրողի դիտարկմանը, թե այս հետապնդումը արդյոք քաղաքական ենթատեքստ ունի Ալումյանը արձագանքեց. «Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ և չեմ կարող քաղաքական բաների խառնվել, կարող եմ ասել , որ այս գործը իրավաբանորեն 90 աստիճանով շուռ են տվել ու որպես իրավաբան նշեմ, որ հետևողականորեն այս հարցը բարձրացնելու ենք միջազգային ատյաններում»: