Օմբուդսմենը հորդորում է
Հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ երեկվա հանդիպումից հետո Օմբուդսմենն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Մենք այցելեցինք Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպեցինք հացադուլ հայտարարած բոլոր դատապարտյալներին: Երեկ արդեն ներկայացրել ենք նրանց անձնական խնդիրները, իսկ այժմ անդրադառնում ենք համակարգային խնդիրներին, որոնք դատապարտյալների` հացադուլ հայտարարելու հիմնական պատճառն են: Այդ համակարգային խնդիրներն են.
1. Պատշաճ կարգով չի իրականացվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հարցը, ինչի հետևանքով դատապարտյալները դժգոհում են, որ նույնանման հանգամանքներում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում և օրենքը միատեսակ չի գործում:
2. Օրենսդրությամբ ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ համապատասխան հանձնաժողովին միջնորդագրեր ներկայացնելը ըստ օրենքի հայեցողական է և պարտադիր բնույթ չի կրում: Բացի այդ, միջնորդագրեր չներկայացնելը չի պատճառաբանվում ինչն էլ դատապարտյալների շրջանում առաջացնում է դժգոհություններ:
3. Կալանավայրերում իրականացվող առանձին աշխատանքները, մասնավորապես ազատազրկվածների բնութագրեր տալը, պատշաճ չի կատարվում: Ըստ դատապարտյալների, բնութագրեր տալու գործում էական դեր ունեցող հոգեբանը լավագույն դեպքում տարեկան 1-2 անգամ է այցելում իրենց և հաճախ առանց հանդիպելու կամ անձին պատշաճ ծանոթանալու տրամադրում է համապատասխան եզրակացություն դատապարտյալի վարքագծի և ուղղման ընթացքի վերաբերյալ: Նշված աշխատանքների անարդյունավետությունը պայմանավորված է իրավական դաշտի ոչ լիարժեք կարգավորմամբ, երբ չկան դատապարտյալների վարքի, կրկնահանցագործություն կատարելու ռիսկի գնահատման հստակ չափորոշիչներ, ինչպես նաև անձնակազմի որակական ու քանակական անբավարարությամբ (մեկ հոգեբանը սպասարկում է մի քանի հարյուր դատապարտյալի, մինչդեռ, միջազգային պրակտիկայում սահմանված է առավելագույնը 20-25 հոգի):
Հաշվի առնելով համակարգում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակը՝ Արդարադատության նախարարությանն առաջարկում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոլորտը հրատապ կարգավորելու և բարձրացված խնդիրները հնարավորինս արագ շտկելու ուղղությամբ:
Մտահոգված լինելով հացադուլ հայտարարած անձանց առողջական խնդիրների հետագա հնարավոր բարդացումներով` խնդրում ենք դատապարտյալներին դադարեցնել հացադուլը` հույս ունենալով, որ համապատասխան մարմինները և հանրությունը հասկացել են խնդրի լրջությունը և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»: