ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է սատարեն միմյանց. Է. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ԲՀ ԱԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկիի հետ: Այս մասին հայտնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ Հայաստանը և Բելառուսը ռազմավարական գործընկերներ են, և երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարեկամական սերտ կապերն ու փոխվստահությունը:
Կողմերը կարևորել են միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությունը, ինչին զրուցակիցների համոզմամբ՝ մեծապես նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցերը և միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը բաց և կառուցողական երկխոսության հարթակ է: Նրա խոսքով՝ համատեղ ջանքերով հաջողվել է հայ-բելառուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում զգալի հաջողություններ արձանագրել: Կարևորվել է նաև Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրումը Բելառուսում:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է առավել սերտորեն համագործակցեն և սատարեն միմյանց միջազգային խորհրդարանական հարթակներում: