Աչքերը բացում ու չի խոսում. Սողոմոն Քոչարյանը տուն է ուզում
21 տարի անազատության պայմաններում իր օրերն անց կացրած Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
Վերջապես ազատության օդը շնչող՝ արդեն նախկին ցմահ դատապարտյալը անկողնային վիճակում է: Նրա մայրը` տիկին Զինան, Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին նույնիսկ դեղերը չեն ցավազրկում:
«Մի ժամանակ աչքերը բացում՝ խոսում էր, այսօր բացում է, բայց չի խոսում, նայում է դեմքիս տխրում է, կարծես ուզում է ասած լինել` տուն եմ ուզում, տուն տար ինձ»,- հուզվեց տիկին Զինան:
Մայրը նշեց , որ անգամ եթե փոքր դրական տեղաշարժ գրանցվի, անպայման տուն է տանելու. «Բժիշկներն ինչ իրենցից հասնում է անում են, ուղղակի նրա ճակատագիրն էլ այսպես էր գրված: Կտանեմ տուն, թող տանը պառկի, միայն թող վերջին օրերը տանը լինի»:
Նշենք, որ Սողոմոն Քոչարյանն 2 ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է: Նա տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային քրոնիկ անևրիզմա, հիվանդ է նաև կանգային թոքաբորբով։
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել, համաձայն որի` իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվեց:
Նա մահապատժի էր դատապարտվել 1995-ին` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման։ Պատժի կրման ընթացքում Սողոմոն Քոչարյանի կինը մահացել է ծանր հիվանդությունից, աղջիկը 19 տարեկան հասակում ինքնասպանություն է գործել: