Կկազմակերպվի զոհվածների աճյունների տեղափոխումը Հայաստան
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, այսօր գումարեց ևս մեկ նիստ։
ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները ներկայացրին վթարի հետևանքով զոհված և վիրավորված քաղաքացիների մասին վերջին տեղեկությունները։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով զոհվել է 8 ուղևոր.
Հակոբյան Գառնիկ Գուրգենի (ծնվ. 1961թ.),
Բադալյան Հրաչ Արտավազդի (ծնվ. 1981թ.),
Մանուկյան Գագիկ Արմենի (ծնվ. 1961թ.),
Ստեփանյան Վարուժ Ստեփանի (ծնվ. 1954թ.),
Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.),
Ալիխանյան Հակոբ Լյուդվիգի (ծնվ. 1960թ.),
Հովհաննիսյան Հայկ Ժորայի,
Հովհաննիսյան Արտաշես Ավետիքի (ծնվ. 1980թ.):
Հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 33 մարդ. նրանցից 11-ը վերակենդանացման բաժանմունքում է:
Այսօր վթարի վայր կմեկնեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Պաշտոնյաները տեղում ռուս գործընկերների հետ կհամակարգեն զոհված ուղևորների աճյունները Հայաստան տեղափոխելու, տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ևս մեկ անգամ իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում բացվել է թեժ գիծ՝ 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով և transport@ mtc.am էլեկտրոնային հասցեով։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն