Գնդապետի փոքր երեխաները սթրես են տանում, իսկ հայրը շարունակում է հացադուլը
«Հայրս շարունակում է հացադուլը և հրաժարվում է դադարեցնել այն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը:
Դատապարտված ազատամարտիկի որդու փոխանցմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանի վիճակը այս պահին բավարար է, բայց չի կատարվել նրա պահանջներից և ոչ մեկը:
Որդին շեշտեց, որ հոր պահանջներից կարևորը՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ու Մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանին հանդիպելն է՝ լրագրողների ներկայությամբ:
«Ոչ ոք չի գնացել հորս մոտ, միայն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մենք անընդհատ խոսում ենք հետը, խնդրում, որ դադարեցնի հացադուլը, բայց հայրս վճռական է տրամադրված ու գնալու է մինչև վերջ»,-ասաց Նորայրը:
Նա նշեց, որ տան փոքրերն էլ հոգեբանական ծանր վիճակում են, մայրը անառողջ է: Վոլոդյա Ավետիսյանը 6 երեխաների հայր է, որոնցից երեքը անչափահաս են:
Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է, ինչ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել, նրան միացել են ևս 6 կալանավորներ:
Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել վաղաժամկետ ազատման համար ներկայացրած դիմումի մերժումից հետո:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: