Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի /լրացված/
Երեկ` դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԼՂՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. “ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներինՊատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ”:
Դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ակնկալիքով Henaran.am-ը դիմեց ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, սակայն հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել: Մասնավորապես մեր հարցին, թե ո՞ր հոդվածի հատկանիշներով է քրեական գործը հարուցվել,Մերի Սարգսյանը հորդորեց դիմել ԼՂՀ ՊԲ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանին` նշելով, թե դեպքը տեղի է ունեցել այնտեղ, ուստի իրենք պետք է մեկնաբանեն:
Կապվեցինք նաեւ Սեւնոր Հասրաթյանի հետ: “Դիմեք քննչական ծառայությանը”,-փոխանցեց նա` հավելելով, որ ԼՂՀ ՊԲ-ն տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկությունն արդեն տրամադրել է:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, դեպքի առնչությամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քր. օր. 110-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով`ինքնասպանության հասցնելու: