27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի հայտարարությունը

Հայրենակիցնե՛ր,

Ս․Սարգսյանը 2013թ․ ապրիլի 9-ին երդում է տվել՝ «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

Ս.Սարգսյանը խախտել է իր տված խոստումը։ Նա պարտավոր էր դադարեցնել իր անդամությունը ՀՀԿ-ին, երբ 2014թ․ հոկտեմբերին պաշտոնապես տեղեկացվեց, որ իր ղեկավարման ընթացքում Հայաստանում «Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ հոդվածը, 27.1-րդ հոդվածը, 65-րդ հոդվածը առավելապես կարգախոսային բնույթ են ստացել», իսկ նրա կողմից ՀՀ Նախագահի և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնների համատեղումը բացարձակ է դարձնում նախագահական իշխանությունը (տես՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձաժողովի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 2.4.1 ենթակետի 2-րդ, 7-րդ մասեր)։ Սերժ Սարգսյանի հետագա գործողությունները վկայում են, որ նա դիտավորյալ օգտվեց իր բացարձակ նախագահական իշխանությունից, որպեսզի սահմանադրության այդ նորմերը շարունակեն մնալ անկատար՝ մինչև իր  պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Ս.թ. հոկտեմբերի 27-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը դիմել է Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանին պահանջով՝

  1. ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Ազգային Ժողովում քննարկել Ս.Սարգսյանի պաշտոնանկության հարցը,
  2. Հրապարակել 2012-2013թթ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակա քաղաքացիների ցուցակը,
  3. Հրապարակել 2012 թվականից ի վեր Կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկություններ:

Ազգային Ժողովի նախագահ Գ․Սահակյանը ԶԼՄ-ների միջոցով պատասխանել է, որ պահանջներից վերջին երկուսը ընդհանրապես չեն վերաբերում ԱԺ-ին, իսկ առաջինը՝ անիրատեսական է, քանի որ չի կարելի Ազգային Ժողովից պահանջել Նախագահի պաշտոնանկությունը, որովհետև ինքը և խորհրդարանական մեծամասնությունը բնավ համաձայն չեն պահանջները հիմնավորող փաստերի հետ:

Ազգային Ժողովի կողմից Նախագահին պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար պաշտոնանկ անելը ԱԺ-ի պարտականությունն է, այլ ոչ միայն իրավունքը (տես՝ «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» 2010թ․, էջ 665, առաջին պարբերություն)։

Ազգային Ժողովի՝ առանց հիմնավոր պատճառաբանության Նախագահի պաշտոնանկության հարցը քննարկելուց հրաժարվելը նշանակում է, որ ԱԺ ղեկավարությունը և խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը Ս․Սարգսյանի պաշտոնանկության հարցի լուծումը թողել են ժողովրդի հայեցողությանը։ Մենք գտնում ենք, որ Ս․Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ՝ «Սահմանադրական կարգը տապալելը», 300-րդ՝ «Իշխանությունը յուրացնելը» և 223-րդ՝ «Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը» հոդվածներին համապատասխան մեղադրանք ներկայացնելու համար առկա փաստերը բավարար են։

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը կոչ է անում Սահմանադրությանը հավատարիմ ուժերին և քաղաքացիներին դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում՝ Ս․Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

 

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ,

03 նոյեմբերի, 2015թ․։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ