Դանակը` թիկունքից
«Անցնում են նժդեհյան հավատամքների ժամանակները, քանի որ պետությունը գնում է անհասկանալի ու անկանախատեսելի ուղիով: Ազգային ոգի ունեցող մարդիկ, հայի գոյին նվիրված մարդիկ այս երկրում դառնում են ավելորդ»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը(Կոռնիձորի Արո):
Խուդավերդյանի խոսքով` երկրի հիմքերը պահող նվիրյալներից մեկը`Վոլոդյա Ավետիսյանն էր , որը ազգային ոգի, ազգային հավատ ունեցող հայոց պետություն հասկացության մեջ կայացած անհատականություն է:
«Նա իր երիտասարդությունը և կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախյան պատերազմին և հայ ազգին, սակայն ներկայումս գտնվում է կալանավայրում` մի պատճառով, որ բարձրացրեց պատերազմի մասնակից ընկերների ձայնը, որ ընդունվի օրենք ազատամարտիկի մասին ու արդյունքում դատապարտվեց վեց ու կես տարով: Նրա անչափահաս երեխաները անհայր մնացին: Վոլոդյան ձերբակալվեց Հայաստանի պետական այրերի թեթև ձեռքով ու գնաց պատասխան տալու իր թափած արյան ցավը դեռ չմարած»,-նշեց ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը, որից հետո Ավետիսյանը հացադուլ է հայտարարել:
«Վոլոդյայի դիմումը մերժվեց, նա պատրաստ էր ազատության մեջ կրելի իր բաժին կալանքը : Արյուն տված մարդուն ստիպեցին գնալ իր պայքարի ամենավերջին ձևին` հացադուլին: Մենք բոլորս կանգնած ենք նրա կողքին և խրախուսում ենք նրա ամեն մի քայլը: Բարոյապես, հոգեպես հարկավոր դեպքում նաև ֆիզիկապես` մեր ընկերոջը կսատարենք և ամոթ այն իշխանավորներին, որոնք հպարտանալով Վոլոդիայի սխրանքներով` դանակ խրեցին նրա թիկունքը»,-ընդգծեց Արա Խուդավերդյանը:
Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։
Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։