Գնդապետը դիմեց ծայրահեղ քայլի
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարել։ Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:։
Նրա փոխանցմամբ՝ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Ավետիսյանը այդ կերպ իր բողոքն է արտահայտում փակ նիստում կայացված հանձնաժողովի որոշման դեմ։ Հիշեցնենք, վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը։
Սարուխանյանը տեղեկացրեց նաև, որ գնադեպետի հետ միասին նման որոշում են կայացրել, հանձնաժողովի վճռից դժգոհ այլ կալանավորներ ևս:
«Վոլոդյան պինդ է, ամուր է ու վստահ իր համոզմունքների մեջ: Նրա կողքին են նաև ընկերները ու ընտանիքի անդամները: Ազատամարտիկները կշարունակեն սատարել Վոլոդյա Ավետիսյանին»,-ընդգծեց Գագիկ Սարուխանյանը:
Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։
Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։