“Պրաստիտուտկաների” մասնագետ պարոնին դատարան են կանչում. Ժողովուրդ

Մինչ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, թե իրենք աղբամանն են նետել ուժի դիրքից հանրային խոսքը, նրա մերձավոր օլիգարխները մեկը մյուսի հետեւից աղբամանն են նետում իրենց նախագահի խոսքերը`դրսեւորելով լկտի պահվածք հանրային խոսքի ներկայացուցիչների` լրագրողների հանդեպ: “Ջրաշխարհ”-ի, “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի, “Արաքս” թռչնաֆաբրիկայի, “Վալենսիա” համալիրի, “Ակվատեկ”-ի, “10-ից 10” հրաձգարանի, “Կլայկ”, “M&Տ” կահույքի խանութների ցանցի, Սեւանի ափին գտնվող “Գեղամա” հանգստի գոտու, “Վիլլաշին” շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, “Ժողովուրդ” օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է “պրաստիտուտկա”` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան: “Դե գրի՛, ազիզ ջան, գրի՛, ցավդ տանեմ, Ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես”,-իր մեջ կուտակված հակասական զգացմունքները պոռթկացրել է ձվերի Խաչիկը: Եթե “պրաստիտուտկաների” մասնագետ այս պարոնը մի պահ շփոթել է, թե ինքն ում հետ է խոսում, ապա մենք, 10 օր հրապարակային ներողության սպասելուց հետո, նրան կհիշեցնենք`դատարանում: Թերթը դատական հայց է ներկայացնելու Խաչատրյանի դեմ` պահանջելով հրապարակային ներողություն թերթից եւ լրագորղ Ս. Գրիգորյանից: