Հեռանալիս` չանիծես. Խնդրանք ՀԱԿ առաջնորդին. 168 ժամ
“Այսօր տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը: Սպասվում է, որ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհստակեցնի նախագահական ընտրություններում իր մասնակցության հարցը, նա կամ կհայտարարի, որ առաջադրում է իր թեկնածությունը, կամ կհայտարարի, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին: Գուցե որպես բացառիկ հռետոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կգտնի նաեւ միջանկյալ որեւէ տարբերակ՝ եւս մի քանի օրով երկարաձգելու իր որոշման հրապարակումը: Բայց դա կարեւոր չէ…”,- խմբագրականում գրում է “168 ժամ”-ը եւ հավելում.
“Հինգ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ վերադառնալով մեծ քաղաքականություն, տասնյակ ելույթներ ունեցավ՝ մեկը մեկից ավելի հնչեղ, մեկը մյուսից ավելի իմաստուն: Բայց բոլոր այդ ելույթների, տեքստերի հիմքում ընկած էր, այսպես ասած, չարենցյան դոկտրինը, որն այն ժամանակ ընկալվում էր ոչ միայն ու ոչ այնքան՝ որպես քաղաքական ուղերձ, որքան՝ որպես աշխարհայացք, որպես կենսափիլիսոփայություն: Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստերի մեջ դրված էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» թեզը՝ դրանից բխող բոլոր քաղաքական դրսեւորումներով, որոնք այդպես էլ առաջին նախագահը կյանքի չկոչեց: Ոչ այնքան ուղղակի, որքան անուղղակի՝ քաղաքական իմաստով: Թե ինչ կհայտարարի այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների առնչությամբ, արդեն երկրորդական է: Ավելի կարեւոր է այն, որ ինչ որոշում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը կայացնի՝ նա այլեւս չի կարողանալու հավատարիմ մնալ իր՝ չարենցյան փիլիսոփայությանը, քանի որ անցած հինգ տարիներին անդառնալիորեն շեղվել է դրա հիմքում դրված արժեքներից ու գաղափարներից: Ու եթե 2008-2013 թվականների հասարակական-քաղաքական շրջափուլը փորձենք ամփոփել նույն՝ չարենցյան մտածողությամբ, ապա ստիպված ենք արձանագրել, անկախ նրանից՝ ինչ կասի կամ չի ասի այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, հասարակությունը, թեկուզ լռելյայն, նրան մի ուղերձ ու խնդրանք ունի՝ “Հեռանալիս չանիծես”: