Հայաստանում փողոցից իշխանության չեն գալիս
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո /Ծառուկյանի քաղաքական դաշտը լքելու մասին է խոսքը.-հեղ./ քաղաքական դաշտը հանդարտվել է: Ավելին՝ մինչև 2017 թվականը իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժ չկա: Մելքումյանը լրագրողներին վստահեցրեց, որ «հանդարտվելը» դեռ չի նշանակում, որ դաշտը փոշիացել է:
«Պարզապես 25 տարվա քաղաքական փորձը ցույց տվեց, որ մեզանում, համենայն դեպս, այս պայմաններում փողոցից իշխանության չեն գալիս»,- ԲՀԿ-ականը հավելեց, թե սխալ են այն տեսակետները, որ եթե, օրինակ, հարյուր հազար մարդ հավաքվի հրապարակում, կկարողանա ինչ-որ բան պարտադրել իշխանություններին: Ըստ նրա՝ իշխանափոխություն իրականացնելու միակ միջոցը ընտրություններն են:
Միքայել Մելքումյանը ավելացրեց, որ հայտնի դեպքերից հետո ԲՀԿ-ն իրեն լավ է զգում: Ասում է՝ գիտակցում են՝ քաղաքականությունը հնարավորությունների արվեստն է: Միքայել Մելքումյանն, ի դեպ, ասաց, որ փետրվարյան դեպքերը ցավոտ չէին. «կոնկրետ ինձ համար՝ չէ, ցավոտ չէին»: