Շատ քաղաքական գործիչներ մի քիչ ժամանակից առաջ են ընկել, սխալվել են… /վիդեո/
ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, որն այսօր մասնակցում էր “Հանրապետություն” կուսակցության համագումարին, չի ուզում “աշխարհից առաջ ընկնել”:
“Քանի որ աշխարհի վերջն ա էսօր, չեմ ուզում աշխարհից առաջ ընկնեմ: Շատ քաղաքական գործիչներ մի քիչ ժամանակից առաջ են ընկել, սխալվել են: Րաֆֆին էլ ա սխալվել…”,-իրեն ուղղված լրագրողների բազմաթիվ հարցերին Սասուն Միքայելյանն այսպես պատասխանեց եւ խոստացավ սպառիչ պատասխաններ տալ տարեվերջին:
Րաֆֆի Հովհաննիսյանն ի դեպ, որին նկատեց Սասուն Միքայելյանը, նույն համագումարին էր մասնակցում:
Այսուհանդերձ, Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք, իր նշած սխալների շարքու՞մ է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության Տեր-Պետրոսյանի ընտրած քաղաքականությունը: Պատասխանը նույնը եղավ:
Թեեւ ՀԱԿ առաջնորդի գործունեությանը գնահատական տալուց Սասուն Միքայելյանը խուսափեց, բայց խոսեց ժողովրդական շարժման անկումից: Մասնավորապես, լրագրողների դիտարկմանը, թե վերջին շրջանում պասիվություն է նկատվում, Սասուն Միքայելյանն արձագանքեց.”Ժողովուրդը երբեք պասիվ չէ, ժամանակն է պասիվ եւ մեր մեծ քաղաքական գործիչները, այդ պասիվության գնահատականները իրենք պետք է տան, ոչ ես: Ես միշտ ժողովրդի հետ եմ”:
Դիտարկմանը, թե խոսքը Տեր -Պետրոսյանի մասի՞ն է, Միքայելյանն ասաց.”Ինչո՞ւ եք անընդհատ Տեր-Պետրոսյանին բերում, ձեր մասին է, որ մտահոգ եք էս երկրով, վաղը գուցե մեծ քաղաքական գործիչ դառնաք”:
Սասուն Միքայելյանը հիշեց ռուսական հայտնի ասացվածքը.”Երբեք մի ասա` երբեք: Ժողովուրդը էնպես կըմբոստանա, որ էս խելոք քաղաքական գործիչները չպատկերացնեն”:
Հարցին, թե ո՞ւզում եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, Սասուն Միքայելյանը պատասխանեց.”Ես կմտածեմ, կասեմ”:
Հետաքրքրվեցինք` համաձա՞յն է “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի այն տեսակետի հետ, թե ՀԱԿ-ն անգործության է մատնված, ինչի մասին այսօր ասել էր Պետրոս Մակեյանը: Սասուն Միքայելյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ.” Պետրոս Մակեյանի գաղափարի հետ ես ի՞նչ գործ ունեմ”:
Վերջում Սասուն Միքայելյանն ասաց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից.”Ես իմ ձեռագիրն եմ թողել հայոց նորագույն պատմության մեջ, մեծ լումա ունեմ եւ երբեք չեմ հեռանա քաղաքականությունից”: