Թուրքիան մեզ հետ սիրախաղ կանի, իսկ 2015-ից հետո կրկին կանցնի թշնամական վերաբերմունքի. Արա Պապյան
“Եթե մենք առաջարկում ենք Արեւմտյան Հայաստանի տարածքներում ստեղծել այսպես կոչված “փոքրիկ Եվրամիություն”, ապա կարելի է լեզու գտնել”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` խոսելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ-թուրքական հարաբերություններից:
Նրա կարծիքով` քրդերը շահագրգռված են մեզ հետ համագործակցելու, քանի որ նրանք սկսել են խոսել ցեղասպանության ժամանակ իրենց գործած մեղքերի մասին: Սակայն Հայաստանը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի` փորձելով Թուրքիային զսպել քրդական գործոնով:
Արա Պապյանը նշեց, որ Թուրքիան մտադիր է սփյուռքում գտնել մարդիկ եւ համագործակցել նրանց հետ` լավ հասկանալով, որ 2015-ին ցեղասպանության 100-ամյա տարելիցը կարող է քաղաքական գործոն դառնալ: Բանախոսը մտավախություն ունի, որ մենք արդյունքի չենք հասնի: “Թուրքիան մեզ հետ սիրախաղ կանի, իսկ 2015-ից հետո կրկին կանցնի թշնամական վերաբերմունքի”,-նկատեց Արա Պապյանը: