ԱԺ-ում ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները կռիվ սարքեցին
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/10/230.jpg)
Դաշնակցական պատագամավոր Արծվիկ Մինասյանը նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի մասին ելույթ ունենալու ժամանակ անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթին՝ նշելով, որ վերջինսիս ասածները բացարձակ կապ չունեն այս սահմանադրական փոփոխությունների հետ: Խոսքը, ըստ Մինասյանի, խորհրդարանական կառավարման համակարգի մասին է:
Հրանտ Բագրատյանն էլ, օգտվելով արձագանքի իրավունքից, զայրացավ, թե չի ընդունում պատգամավորի արտահայտվելու այս ձևը. «Չի կարող մի պատգամավորը մյուսի վրա խոսել, ինչ եք Ձեր վրա վերցնում, պարո՛ն Մինասյան: Դառնում եք ինչ-որ մեկի պաշտպանը, չի կարելի վեր կենալ մյուսի մասին կարծիք հայտնել: Ես իմ կարծիքն եմ հայտնել: Ես ինձ կյանքում թույլ չեմ տալիս Ձեր ասածի վրա կարծիք հայտնել, մանավանդ Ձեր ասածի մեջ 90% սխալ էր»:
Երբ Արծվիկ Մինասյանը տեղից հակադարձեց, Բագրատյանը շարունակեց վրդովված խոսել. «Ձերը 1000%-ով ա սխալ, պլյուս 80 տարի առաջ հանրապետությունից բան չթողեցիք, արա»: Մինասյանի զարմանքին, թե ի՞նքը բան չի թողել, Բագրատյանի արձագանքը չուշացավ. «Դու չես թողել, բա ո՞վ էր 18-20 թվին: Դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, արա»:
Վեճին միացավ Գալուստ Սահակյանը՝ հորդորելով նույնականացման քարտի համար չվիճել: Սակայն պատգամավորներ շարունակեցին ռեպլիկներ հնչեցնել: Սահակյանը ստիպված նրանց նիստերի դահլիճից դուրս հրավիրեց: Արձագանքելով Բագրատյանի բողոքին, թե իրեն ասելու փոխարեն ԱԺ նախագահը պետք է Մինասյանին ասի, ԱԺ նախագահը շեշտեց. «Ես բոլորի հետ էլ քիպ եմ, խնդրում եմ դադարեցրեք»: