Որոշումներ են կայացրել
Երևանի ավագանին հոկտեմբերի 28-ին գումարված հերթական նիստում հավանություն է տվել հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի, գիտության և մշակույթի ոլորտում մեծ ներդրում ունեցած Գալոյան եղբայրների անուններով, ինչպես նաև Ոսկերիչների փողոցներ անվանակոչելու մասին որոշումների նախագծերին: Վաստակաշատ շինարար Էդիկ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին որոշման նախագիծը ևս արժանացել է ավագանու հավանությանը:
Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:
Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններից մեկը սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին հարցի քննարկման ժամանակ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը ավագանուն է փոխանցել Քոչինյանների ընտանիքի շնորհակալությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ աջակցության և ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Ավագանու նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը որոշվել է գումարել նոյեմբերի 25-ին: