Սահմանադրության կոպիտ սխալները. քաղաքագետը փաստեց
«Ոչ թե համակարգի խնդիրն է, որ հանրապետությունը փլուզվեց, այլ ստեղծված աշխարհաքաղաքական իրականության»,- այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը հանրության ուշադրությունը հրավիրում է Սահմանադրությունում առկա մի քանի կարևորագույն հարցերի վրա.«Սահմանադրության մեջ կա մի դրույթ, ըստ որի ՀՀ քաղաքացիներին չի կարելի հանձնել՝ բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Ես կարծում եմ, որ սա բավականին ամոթալի դրույթ է, որովհետև տեսիլք է ստեղծվում, թե ընդհանրապես ՀՀ քաղաքացիներին չի կարելի հանձնել այլ պետությունների, բայց երկրորդ մասով դա հերքվում է»,- նշեց քաղաքագետը փաստելով, որ չհանձնելու լավագույն օրինակ ունի Ռուսաստանը և դա բավականին կարևոր հանգամանք է, քանի որ սեփական երկրի քաղաքացուն հանձնելը արդեն լավ չի խոսում տվյալ պետության մասին:
Երկրորդ կարևոր կետը, որի մասին խոսեց քաղաքագետը՝ դա ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Ո՞վ է սահմանում, թե ինչն է ողջամտորեն ենթադրելի, այսինքն քննիչի սենյակում նստած մարդը և քննիչը պետք է սահմանեն, թե ինչն է ողջամտորեն ու ինչը ոչ: Այսինքն դրույթը պետք է սահմանել, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ:
Երրորդ դրույթը, որը առանձնացրեց քաղաքագետը այն դրույթն է, որ ՀՀ ԱԺ պատգամավորները, ինչպես նախ կառավարության անդամները և նախագահը պետք է լինեն Հայաստանի հանրապետությունում մի որոշ ժամանակ ապրած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք: Սրանով մենք խախտում ենք քաղաքացիների իրավունքների հավասարության սկզբունքը, որովհետև նախընտրությունը տալիս ենք միայն ՀՀ քաղաքացիներին: Երկրորդ փակում ենք սփյուռքում բնակվող, կամ արտասահմանում երկար տարիներ աշխատած կամ ապրած բարձր պրոֆեսիոնալների հնարավորությունը մուտք գործելու Հայաստանի պետական համակարգ և իրենց ավանդը թողնելուն:
Քաղաքագետը նկատեց, որ ՀՀ բոլոր արտգործնախարարները եղել են երկքաղաքացիներ և այլ երկրների կենսափորձով օրինակներ բերեց, նշելով, որ անգամ ԱՄՆ-ում բազմաթիվ կոնգրեսականներ երկքաղաքացիներ են:
«Սա նշանակում է, որ մեր կադրային ռեսուրսը բացառապես ստանալու ենք ներսի յուղում եփված մարդկանցից»,-ընդգծեց Մարտիրոսյանը: