Ինչպե՞ս կբացառվի միևնույն ԱԱՀ ունեցող մարդկանց կրկնակի քվեարկությունը

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նախագծի հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է դասակարգել նույն ազգանուն և հայրանուն ունեցող մարդկանց, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտով:
«Հնարավո՞ր է ընտրատեղամասերում մարդկանց հավելյալ ցուցակ ստեղծել, որով կառանձնացվի նույնականացման քարտով քվեարկածները և կֆիքսվի նաև նրանց հասցեները»,- հետաքրքրվեց Խոսրով Հարությունյանը: Հովհաննես Սահակյանը համաձայնեց նման մոտեցումի հետ, քանի որ, ըստ նրա, նման մեխանիզմը հասարակության մոտ կբարձրացնի վստահությունը:
«Նույն անուն, ազգանուն, հայրանունով կան 218 ընտրող և դրա համար ԿՀԸ-ն ոչ միայն հրապարակել է նրանց անունները, այլև կարծեմ` նույնիսկ նկարները: Հավելյալ ցուցակներին և նշումների մասին կքննարկենք և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնենք, քանի որ միգուցե հնարավոր լինի իրականացնել, սակայն պետք է քննարկել պատկան մարմինների հետ, իսկ հաշվառման վայրերում հասցեն առկա է ընտրացուցակներում»,- արձագանքեց հիմնական զեկուցողը: