Եղանակային նոր անակնկալներ առաջիկա օրերին
Անընդհատ տեղացող անձրևը և հանրապետության որոշ մարզերում թաց ձյան տեսքով տեղումների առնչությամբ Henaran.am –ը զրուցեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ տեղումների քանակը Հայաստանի առանձին հատվածներում, մասնավորապես՝ Երեւանում, Գյումրիում եւ Արմավիրում, արդեն կազմում է ամսեկան նորմայի կրկնապատիկը:
Սուրենյանը փաստեց, որ ձմռան խստության կամ մեղմության հետ կապված կանխատեսումները պատրաստ կլինեն նոյեմբեր ամսին:
«Առաջիկա 5 օրերի ընթացքում անկայուն եղանակը կպահպանվի, քանի որ մենք ցիկլոնի ազդեցության գոտում ենք: Այն հատկապես ակտիվություն կցուցաբերի այսօր եւ առաջիկա երկու օրերին, ինչի արդյունքում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ: Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավականին ինտենսիվ: Հոկտեմբերի 29-ից ցիկլոնի ուժը կթուլանա:
«Հոկտեմբերի 27-31-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունը անընդհատ կգտնվի հյուսիս-արեւմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի»,-ընդգծեց Սուրենյանը: