27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկնարկել է «Գթության խոհանոց»-ը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանում Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» բարեգործական կենտրոն՝ «Գթության խոհանոց» ծրագրի 22-րդ շրջանի բացմանը։ «Գթության խոհանոց»-ը ծրագիր է, որի շնորհիվ Երևանի մի շարք վարչական շրջանների շուրջ 450 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացիներ օրական մեկ անգամ տաք և կալորապես հագեցած ճաշ են ստանում։ Գերմանական կարմիր խաչի բարեգործական կենտրոնում 22 տարի կյանքի կոչվող «Գթության խոհանոց» ծրագիրն արդեն երրորդ տարին է, ինչ իրականացվում է Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Բարեգործական ծրագրի տարեշրջանի բացմանը ներկա է եղել նաև ծրագրի երկարամյա աջակից ու համակարգող՝  Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով «Գթության խոհանոց» ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի գործընկերներին՝ այն հետևողականությամբ իրականացնելու համար։

«Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և վերջին երեք տարիներին առավել արդյունավետ է դարձել։ Համագործակցելով հարգանժան Կառլ-Հայնց Շայդեի հետ՝ մենք իրականացնում ենք նաև «Արտագնա սպասարկում» ենթածրագիրը, և այսօր արդեն 125 քաղաքացիներ են օգտվում դրանից։ Լիազորված եմ Երևանի քաղաքապետի անունից վստահեցնել, որ քաղաքապետարանը հետայսու էլ, իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում շարունակելու է այս համագործակցությունը ամրապնդել և ծրագիրը զարգացնել»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

ՀՀ-ում ԳԴՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը ևս նկատել է, որ ծրագիրը հաջողվածներից է և վստահեցրել է, որ իր իրավանախորդի օրինակով՝ շարունակելու է աջակցել մարդասիրական այս ծրագրի իրականացմանը։

Անուհետ Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, Երևանում «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար քահանա Կառլ-Հայնց Շայդեն ծրագրի տարեշրջանը հայտարարել է բացված, ինչից հետո շահառուներին ուղեկցել են տոնական ձևավորված ճաշարան՝ ճաշկերույթի, որը շահառուների, ինչպես նաև խոհանոցի աշխատակիցների վստահեցմամբ, բացառությամբ տոնական օրերին մատուցվող գինուց, գրեթե չի տարբերվում առօրեական ճաշից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ