Տարոն Մարգարյանը մասնակցել է Գառնիի ջրաղբյուրի բացմանը
Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ վերանորոգվել ու թարմացվել է խոշորագույն աղբյուրներից մեկը՝ Գառնիի ջրաղբյուրը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին:
Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի ծավալները` Գոռ Գրիգորյանը նշել է, որ ջրաղբյուրը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Մասնավորապես, առավել հրատապ էր դարձել կապտաժների (ջրահավաքների) հիմնանորոգումը: Նշվել է նաև, որ նոր ծրագրի շրջանակում, արդեն «Երևան Ջուր» ՓԲԸ սեփական միջոցներով կապալառուի կողմից հունիս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է մոտ 95 մլն ՀՀ դրամի աշխատանք, որի հիմնական նպատակն է ապահովել ջրաղբյուրի հետագա հուսալի շահագործումը:
Պատասխանատուները քաղաքապետին նաև զեկուցել են, որ ծրագրի շրջանակում մասնավորապես վերականգնվել են 18 կապտաժների երկաթբետոնե ծածկերը, հարդարվել են դրանց ներքին և արտաքին պատերը, վերանորոգվել են ներքին հարթակները, բազրիքները, փոխվել են դռներն ու լուսամուտները, ջրամեկուսացվել են տանիքները, արդիականացվել փականային հանգույցներն ու միացումները, անցկացվել է նոր էլեկտրական մալուխ:
Դրանից բացի, շրջանառության մեջ են ներառվել աշխատանքների ընթացքում ի հայտ եկած որոշ նոր աղբյուրներ, ինչպես նաև ավելի արդյունավետ են օգտագործվել նախկին աղբյուրները:
«Քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրված Երևանի ջրամատակարարման որակի ապոհվման մասով և համակարգված համագործակցության արդյունքում այս ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվում: Գառնիի ջրաղբյուրը կառուցվել է դեռևս 1971թ.-ին և մինչ օրս հիմնանորոգման որևէ լուրջ աշխատանք չէր կատարվել: Այստեղից շուրջ 36 կմ մայրուղային ջրատարով ջուր է մատակարարվում Երևանի Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջաններին, և այս ծրագրի իրագործումը կարևոր ներդրում էր, որը առնվազն ևս 50 տարով երկարացրեց համակարգի հուսալիությունը»,- նշել է Գոռ Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նշել է, որ մայրաքաղաքի ջրամատակարարման որակի ապահովման ամենաառաջնային նախապայմանը հենց ջրաղբյուրների հուսալիությունն ու նորոգ լինելն է:
«Ջրամատակարարման հուսալիությունը սկսում է հենց աղբյուրից և այն բաղադրիչը, որ «Երևան Ջուր» ընկերությունն իրականացրեց կապիտալ ներդրմամբ այս հատվածում կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի ջրամատակարարման որակի, հուսալիության և անխափան մատակարարման տեսանկյունից:
Այս ուղղությամբ երկար տարիներ լուրջ ներդրում չէր կատարվել և կային արդեն քայքայված հատվածներ, ինչը կարող էր հանգեցնել և՛ ջրի որակի անկմանը, և՛ ջրակորուստների: Շատ ողջունելի է կապիտալ ներդրումների մասով ընկերության այս քաղաքականությունը, որն ուղղված է մայրաքաղաքի ջրամատակարման բարելավմանը և, որ կարևոր է, այն կրելու է շարունակական բնույթ»,- ընդգծել է Կամո Արեյանը:
Ծանոթանալով կատարված աշխատանքներին ու ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը՝ քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում: Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել երևանցիներին որակյալ ջրամատակարարում ապահովելուն ուղղված, ընկերության կողմից իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը: