Հալեպում այսօր 7-8 հազար հայ է մնացել
Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ասադի հայտնվելը Մոսկվայում լավ նշան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանը վաղուց պետք է Սիրիային օգնություն տրամադրեր:
«Վերջին 10 օրում Ռուսաստանի օդուժի, սիրական բանակի եւ «Հզբոլլահ» խմբավորման զինյալների առաջխաղացման շնորհիվ Հալեպի արվարձանների 80 տոկոսն ազատագրվել է: հուսանք, որ առաջիկա մի քանի օրում Հալեպը կազատագրվի, մասնավորապես՝ այն բարձունքները, որտեղից ռմբակոծվում են նաեւ հայկական թաղամասերը»,- ասաց նա:
Հալեպում այսօր 7-8 հազար հայ է մնացել, եւ բանախոսի խոսքով, այդ թիվը գնալով նվազում է:
«Գյուլբենկյան եւ Հայկազյան դպրոցները միացել են, 1-6 դասարաններում 210 աշակերտ կա: Ճեմարաններից մեկում պատերազմից առաջ 1500 աշակերտ կար, այսօր՝ 400: Երեք դպրոց էլ ռմբակոծված է: Ընդհանուր 2080 աշակերտ ունենք, հետեւաբար հալեպահայության թիվը 40.000-ից հասել է 8000-ի»,- ասաց նա:
Բանախոսի խոսքով` սիրիահայերը բացի Հայաստանից, գաղթում են Գերմանիա, Ավստրաի, Կանադա, Շվեդիա, Հոլանդիա: