16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հանրահավաքային հզոր ալիք կբարձրացնե՞ն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնադրման մասին հռչակագրի հրապարակումից և ճակատի քաղաքական խորհրդի ձևավորումից հետո լրատվամիջոցներում եղան փորձեր կասկածի տակ դնել մոլորակի տարբեր մասերում կրթություն ստացած, տարբեր աշխարհաքաղաքական հարթակներում հայության ազգային շահերը ներկայացնելու և պաշտպանելու փորձառությամբ օժտված գործիչների միավորման արդյունավետությունը: Ճակատի քաղխորհրդում միմիանց փոխլրացնելու այն հնարավորությունը, որը մենք համարում ենք լուրջ առավելություն` մեր տարբեր կենսափորձերի և միջազգային կապերի համադրման միջոցով իշխանության «ավգյան ախոռները» մաքրելու, մեր երկիրը ներկայիս խորը ճգնաժամից և աշխարհաքաղաքական մեկուսացումից դուրս բերելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ապահովելու գրավական, ռեժիմի քարոզամեքենան գնահատեց որպես անցանկալի և վտանգավոր:

Այո, մեր ճակատի ստեղծումն այս կազմով և այս դեմքերով լուրջ մարտահրավեր է սեփական կոռուպցիոն հնարավորությունները պահպանելու և ընդլայնելու ձգտող, Հայաստանի ազգային շահերը և ինքնիշխանությունն աճուրդի հանած հանցավոր ռեժիմի համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ռեժիմի կողմից ամենաբիրտ ու ամենանենգ հակազդեցություններին:

Հիշում եք, ինչպիսի կատաղի հակազդեցության արժանացավ 2012 թվականի խորհրդարանական ընտրարշավի ընթացքում Հայաստանի քաղաքագետների միության վարչության նախաձեռնությամբ ձևավորված Միասնական շտաբի գործունեությունը: Շտաբը կազմաքանդելու ձգտումով ռեժիմը գործի դրեց իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները` ստեղծեց այլընտրանքային «միասնական շտաբ» այն ժամանակ ԱԺ նախագահ Նիկոյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր շտաբը ներսից պառակտելու նպատակով գործի դրեց այն նույն հայտնի «ականներին», ում երեք տարի անց` վերջերս պայթեցրեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը տրոհելու նպատակով: Տեսնելով, որ այդ մեթոդներով չի հաջողվում կազմաքանդել Միասնական շտաբը, ռեժիմը դիմեց բացահայտ ուժային միջոցների: Միասնական շտաբի համակարգողի դեմ հարուցեց շինծու քրեական գործ` սանձազերծելով իմ նկատմամբ մինչ օրս շարունակվող դատական հալածանքների անվերջանալի շարք:

Կարելի է հետևություն անել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը սարսափում է քաղաքական ուժերի և հանրային գործիչների համախմբումից, միասնական ճակատով գործելու ընդդիմության վճռականնությունից: Դա ցույց տվեցին նաև այս տարվա փետրվարյան իրադարձությունները, երբ ռեժիմը ուժային ճնշումներով կանխեց ընդդիմության միասնական հանրահավաքը և քաղաքականությունից դուրս մղեց իր կշիռով երկրորդ խորհրդարանական կուսակցության ղեկավարին:

Բնազդական սարսափն ընդդիմության միասնական գործողություններից բնորոշ է բոլոր բռնապետական ռեժիմներին: Հայրենիքում և սփյուռքում քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների միասնական և հետևողական գործողությունների դեպքում Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումն անխուսափելի է: Պատահական չէ, որ ստալինյան բռնապետության տարիներին է մեծն Չարենցը հայությանը պատգամել` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Հետևելով չարենցյան այդ պատգամին մենք պարտավոր ենք մեր վճռական Ոչը հանցավոր ռեժիմին և նրա գոյատևումն երաշխավորող սահմանադրական չարեփոխումներին մեկտեղել` դարձնելով միասնական Ոչ:

Մեր միասնական պայքարի հիմնական կարգախոսներն են. «Ոչ հանցավոր ռեժիմին` ոչ նոր սահմանադրությանը» և «Ոչ նոր սահմանադրությանը`ոչ հանցավոր ռեժիմին» կարգախոսները: Սա Հայաստանում շուտափույտ իշխանափոխության համար միասնական պայքարի հիմքում ընկած այն ճշգրիտ հավասարումն է, որում գումարելիների տեղափոխումից վերջնական արդյունքը չի փոխվում: Դա նշանակում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը ձևավորել է անհրաժեշտ գաղափարական նախադրյալներ, որպեսզի ընդդիմությունը իր զույգ շտաբերով գործի միասնաբար` միասնաբար բարձրացնի հանրահավաքային հզոր ալիք` ապահովելով սահմանադրական չարեփոխումների և հանցավոր ռեժիմի տապալումն ու Նոր` Ազատ և Արդար Հայաստանի կերտումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ