Առողջապահության նախարարի հրամանը հարվածի տակ է դնում քաղցկեղով հիվանդներին. ՀԺ
Հայաստանյան դեղատներից վերացել է «Քսելոդա» դեղամիջոցը: Այն օգտագործում են չարորակ ուռուցքներ ունեցող անձինք, որոնց համար այս դեղը կենաց-մահու նշանակություն ունի: Պատճառը ՀՀ առողջապահության նախարարի հրամանն է:
Պարզվում է՝ «Քսելոդան» կա, Հայաստանում է: Բավարար ծավալներով խմբաքանակն արդեն մեկ ամսից ավելի է՝ պահվում է մաքսային պահեստում: Խմբաքանակը ներկրել է «Վագա-ֆարմ» ընկերությունը, սակայն չի կարողանում այն մաքսազերծել եւ բաշխել դեղատներին: Պարզելու համար, թե որն է մաքսազերծումը ձգձգելու խնդիրը, զրուցեցինք ընկերության ղեկավար Վահե Վարսանյանի հետ:
Վերջինիս խոսքերով՝ «Քսելոդայի» խմբաքանակը չեն կարողանում մաքսազերծել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի արձակած ս.թ. սեպտեմբերի 22-ի թիվ 2586 Ա հրամանի պատճառով: Նախարարի այդ հրամանով արգելվել է «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ի կողմից Շվեյցարիայից «Քսելոդայի» նշված խմբաքանակի ներմուծումը Հայաստան: Հրամանը հիմնված է «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տված եզրակացության վրա: Այդ եզրակացության համաձայն՝ Հայաստանում գրանցված «Քսելոդան» ունի պիտանելիության 3 տարվա ժամկետ, իսկ ներմուծված այս խմբաքանակի պիտանելիության ժամկետը 2 տարի է:
Ըստ Վահե Վարսանյանի՝ սա անհեթեթ պատճառաբանություն է եւ չի կարող հիմք հանդիսանալ դեղի մուտքը Հայաստան արգելելու համար: Ինչպես նկատում է Վարսանյանը՝ «Տարիներ շարունակ Հայաստան ներմուծվող «Քսելոդան» ունեցել է հենց 2 տարվա պիտանելիության ժամկետ եւ երբեք որեւէ խնդիր չի ծագել: Եվ այնպես չէ, որ պատասխանատուները նախկինում ուղղակի աչք են փակել այդ հանգամանքի վրա: Պիտանելիության ժամկետի փոփոխության դեպքում, այն էլ՝ դրա կրճատման, նոր գրանցում չի պահանջվում: Այդ դրույթն ամրագրված է ՀՀ առողջապահության նախարարի 2006 թ. 123-Ն հրամանի՝ ՀՀ-ում դեղերի պետական գրանցման փորձաքննության կարգի՝ նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկում»:
Մեզ հայտնի դարձավ, որ նույն «Քսելոդան», նույն արտադրողից (շվեյցարական «Ռոշ» ընկերություն) պիտանելիության նույն ժամկետով տարիներ շարունակ ներկրվել է տարբեր ներկրողների կողմից: Ինչու հանկարծ առողջապահության նախարարը եւ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» որոշեցին խոչընդոտներ ստեղծել հատկապես հիմա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: